Home / Հայաստան / Հասարակությունները պատրաստ չեն ԼՂ-ի մասին այլ բան լսել, կարծում են լրագրողները

Հասարակությունները պատրաստ չեն ԼՂ-ի մասին այլ բան լսել, կարծում են լրագրողները

Ի՞նչ դեր պետք է ունենա լրագրողը հակամարտությունների կարգավորման հարցում՝ նա խաղաղապաշտպան է, թե հակամարտությունը սրող, ատելություն հրահրող: Այս մասնագիտական մոտեցման հարցն էին քննարկում երեկ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մի խումբ լրագրողներ և իրավապաշտպաններ՝ Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոն համարվող վրացական Թեքալի գյուղում հերթական քննարկման ժամանակ: Զեկույցները պատրաստված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լուսաբանման մասին:

Հանդիպմանը ներկա էին նաև վրացական գյուղերի բնակիչ հայ և ադրբեջանցի երիտասարդներ:

Զեկուցողներից մեկն ադրբեջանցի լրագրող Քեմալ Ալին էր: Նրա խոսքով՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում լրագրության մեծագույն խնդիրը իշխող տոտալիտար համակարգն է և այն, որ հրատարակությունների մեծ մասը գտնվում են իշխանության վերահսկողության տակ: Խաղի նման կանոնները լրագրողները ընդունում են, Ալիի կարծիքով, երկու պատճառով՝ իշխանական լրատվամիջոցներում ավելի շատ են վարձատրում, և, զգուշությունից դրդված, կոնֆլիկտի մասին ոչ ընդհանուր կարծիք գրելը վտանգավոր է, ինչպես ցույց տվեց, օրինակ, Աքրամ Այլիսլիի գիրքը, և լրագրողը պետք է հանրային պահանջարկը հաշվի առնի:

Իր զեկույցում Քեմալ Ալին նկատել է, որ երկու կողմերը ներկայացնող լրագրողական համայնքների համար հաճախ են անցկացվում սեմինարներ, հանդիպումներ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ: Բանախոսն ասել է, որ թեև այդ հանդիպումներն լավ են անցում, հայ և ադրբեջանցի լրագրողները բանավիճում են, նշում են մասնագիական էթիկայի կանոնները ու դատապարտում ատելության քարոզը մեդիայում, սակայն երբ նույն լրագրողները վերադառնում են իրենց հայրենիք, գրում են իրենց հրատարակչությունների քաղաքականությանը համահունչ տեքստեր:

Այս կարծիքը կիսել է նաև Հայաստանից զեկուցող «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»-ի հասարակության հետ կապերի մենեջեր Լուիզա Պողոսյանը: Նրա խոսքով՝ սեմինարները կարող են օգնել առանձին լրագրողների, սակայն չեն փոխում ընդհանուր պատկերը: Պողոսյանը նշել է, որ հակամարտությունը լուսաբանողների գլխավոր խնդիրն այն է, որ լրագրողները չունեն տեղեկատվության այլ աղբյուր, քան իրենց արտգործնախարարություններից տարածվող մամուլի հաղորդագրությունները: Պողոսյանը նկատել է նաև, որ Հարավային Կովկասի լրագրողները ունեն ինքնահաստատման խնդիր, ուստի նրանք այս կամ այն կերպ գրում են ըստ այն, թե ում համար են գրում՝ իշխանական ուժի, բիզնես ունեցողի, թե միջազգային կազմակերպության համար:

«Դոյչե Վելլե»-ի թղթակից, վրաստանցի լրագրող Ամայլա Օհանջանյանը թեմայի շուրջ իր ելույթում կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի լրագրողները հրահրողներ են և ոչ թե խաղաղարարներ: Ըստ նրա, սակայն, կարիք չկա, որպեսզի լրագրողը խաղաղապահ դառնալու հավակնություններ ունենա, երբ գրում է համակարտության մասին, բավարար է միայն պրոֆեսիոնալ լինելը և բազմակողմանիության սկզբունքը պահպանելը: Ըստ նրա՝ խնդիրը ոչ միշտ է որ լրագրողների մեջ պետք է փնտրել: Օհանջանյանը համոզված է, որ այլընտրանքային տեսակետի պատրաստ չեն նաև հասարակությունները:

Քննարկմանը հնչել են թեմային առնչվող այլ դիտարկումներ ևս: Օրինակ, «Մտրեդի» ժողովրդավարական միության նախագահ Սաբինա Թալիբովան, ով բնակվում է Մարնեուլի քաղաքում, ասել է, որ երբեմն այլընտրանքային տեղեկատվություն տալիս են և իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատում են ընդամենը այն մեդիաները, որոնք ընդդիմադիր ուժերի են սատարում և նպատակ ունեն նրանց իշխանության բերել, սակայն, ըստ էության, նույն տեսակետն ունեն հակամարտության մասին:

Թեքալիի հանդիպումը կազմակերպել էին «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» (Հայաստան),«Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը» (Ադրբեջան) և «Հասարակական լսումների Կովկասյան կենտրոնը» (Վրաստան):

Tekali Taxi