Home / Հայաստան / «Ժողովրդի շունչը՝ ավագանիում». «Բարև Երևան»-ը Տարոն Մարգարյանի երդմանը չգնաց

«Ժողովրդի շունչը՝ ավագանիում». «Բարև Երևան»-ը Տարոն Մարգարյանի երդմանը չգնաց

«Բարև Երևան» դաշինքը չի մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը. փոխարենը նույն ժամին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում դաշինքի անդամները հանդիպել են լրագրողների հետ:

Լրագրողների հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել Ազատության հրապարակում: 11:00-ին մոտ լրագրողները զանգահարել են «Ժառանգության» գրասենյակ, որտեղից նշել են, որ անձրևի պատճառով իրենք հրապարակ չեն գալու, և հավաքվածներին հրավիրել իրենց գրասենյակ:

Դաշինքի 6 անդամների խոսքով՝  ներկա չլինելով երդման արարողությանը՝ իրենք իրենց վերաբերմունքն են արտահայտել ընտրությունների կեղծված լինելուն:

Անդրադառնալով ավագանիում մանդատները վերցնելու իրենց որոշմանը՝ դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, որ նման որոշում իրենք կայացրել են, որպեսզի ավագանիում զգացվի ժողովրդի շունչը:

«Գնում ենք, որպեսզի իրենք զգան ժողովրդի շունչը ավագանիում և զգոնություն զգան: Դուք էլ կտեսնեք, որ մենք այդ միակարծիք մթնոլորտը կջարդենք», – ասել է Սանասարյանը:

Նա նշել է, որ, դատելով առաջին նիստից, ավագանիում ԲՀԿ-ի ներկայացուցիչները համակարծիք են լինելու ՀՀԿ-ականների հետ, սակայն հույս է հայտել, որ ԲՀԿ-ն՝ իր նախընտրական խոստումներին համահունչ, ավագանիում կհամագործակցի «Բարև Երևան»-ի անդամների հետ:

«Անձամբ ես՝ հնչեցնելու եմ  բոլոր այն անօրինականությունների մասին, որոնց մասին տեղեկատվություն կստանանք քաղաքացիներից»,- ասել է ավագանիի անդամ Անահիտ Բախշյանը:

««Բարև Երևան» դաշինքը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմոությունը, սակայն քանի որ ստացել ենք 6 մանդատ, օգտագործելու ենք այդ փոքր հնարավորությունը»,- նշել է Ստյոպա Սաֆարյանը:

«Բարև Երևանի» ցուցակով ընտրված ավագանու անդամները միմյանց միջև արդեն բաժանել են վարչական շրջանների պատասխանատվությունը: Լրագրողների հետ հանդիպմանը նրանք առանձնացրել են, թե որ խնդիրներն են անմիջապես բարձրաձայնելու քաղաքապետարանում:

Անահիտ Բաշխյանն  ասել է, որ Երևանի ինքնակառավարման մարմինների մասին օրենքը թերի է, քանի որ, ըստ այդ օրենքի, հանրաքվե անցկացնել կարելի է, սակայն պարտադիր չէ դրա արդյունքները հաշվի առնելը:

Սաֆարյանն ասել է, որ ինքը առաջ է քաշելու պետական հաստատություններում պետական գնումներ իրականացնելու օրինականության հարցը, որպեսզի պարզվի, թե ինչպես է իրացվել բյուջեն: Ըստ նրա՝ շատ այլ հրատապ հարցեր կան, քան «բիոզուգարանների տեղադրումը և Հանրապետության հրապարակը այլանդակելը»:

Ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանն էլ հավելել է, որ իրենք ցանկանում են ավանդույթ դարձնել ամիսը մեկ անգամ քաղաքացիների և լրագրողների հետ հանդիպումները:

Tekali Taxi