Գլխավոր / Հայաստան / «Հավասար հնարավորությունների համար». ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

«Հավասար հնարավորությունների համար». ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

ՀՀ Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 16-ը հետաձգել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: ՍԴ-ն որոշում է կայացրել դիմումը քննել գրավոր ընթացակարգով: Քննող դատավոր է նշանակվել Ֆելիքս Թոխյանը: Վերջինս էլ այսօր միջնորդել է առնվազն երկու շաբաթով հետաձգել դիմումի քննությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է փորձաքննություններ անցկացնել, մասնավորապես, ուսումնասիրել միջազգային փորձը:

Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: 18-րդ հոդվածը վերաբերում է թեկնածուների և կուսակցությունների կողմից ընտրական շտաբերի ձևավորմանը, իսկ 26-րդը՝ թեկնածուների և կուսակցությունների՝ ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացմանը, տարածքների վարձակալմանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է դիմողի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, ըստ օրենքի, մասնավորապես, նախագահական ընտրությունների դեպքում թեկնածուների համար սահմանվում է քարոզչամիջոցների համար ծախսվող գումարների վերին շեմ՝ 1 մլրդ դրամ: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի խոսքով՝ նման դեպքում ավելի շատ միջոցներ ունեցող թեկնածուն ավելի լայն հնարավորություններ է ստանում: Նա մեծ թվով նախընտրական շտաբեր է ստեղծում, որոնց վրա փակցված պաստառներն ու ցուցանակները, ըստ էության, իրենցից ներկայացնում են քարոզչանյութ, իսկ դրանց ծախսերը չեն ներառվում սահմանված գումարի մեջ: Մինչդեռ Սահմանադրությամբ պահանջվում է թեկնածուների համար հավասար հնարավորություններ ստեղծել:

Մեժլումյանն արդարացված է համարել հետաձգումը՝  ասելով, որ օբյեկտիվ որոշման հասնելու համար անհրաժեշտ են մի շարք մասնագետների, մասնավորապես, հոգեբանների, սոցիոլոգների, գովազդի մասնագետների՝ խնդրի շուրջ ուսումնասիրությունները: 

Tekali Taxi