Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետի ժ/պ-ին գյուղապետարան չեն թողել. նա պաշտոնից չի հրաժարվելու

Պռոշյանի գյուղապետի ժ/պ-ին գյուղապետարան չեն թողել. նա պաշտոնից չի հրաժարվելու

Պռոշյան գյուղում ժողովուրդը թույլ չի տա, որ «մարզպետի նշանակած կամակատարը» ստանձնի գյուղապետի պաշտանակատարի պարտականությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով չի նշել իր անունը:

Նրա խոսքով՝ իրենց գյուղում «տեղ չունի մարդու այն տեսակը, ով հայտարարում է, թե պռոշյանցիները թուրք են, թուրքից էլ վատ»:

Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երեք ամիս անց Պռոշյանում լարված իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ մարզպետի հրամանով գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բուժքույր Արմենուհի Մելիքյանը եկել է գյուղապետարան:

«Երեկ եկավ, ոչինչ չարեցինք,գյուղապետարանի բակում հավաքվեցինք և ուղղակի ասացինք, որ թույլ չենք տալիս ներս մտնել ու վերջ: Ոստիկաններն էլ, միլպետն էլ, մարզպետի օգնականն էլ այստեղ էին, միևնույն է, արգելել ենք ներս գալ: Բոլորն էլ միաբերան պահանջել են, որ հեռանա ու հեռու մնա ամեն ինչից», – պատմել է  մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ էլ Մելիքյանը արտատաբերել է՝ «թուրք-պռոշյանցիների» մասին իր արտահայտությունը:

Նա նշել է, որ գյուղացիների՝ Մելիքյանի հետ կապված  խնդիրները տարբեր պատճառներ ունեն:

«Մելիքյանը, որ գյուղի դպրոցում խորհրդի անդամ է, բազմիցս նպաստել է կրթական հաստատության տնօրենի ընտրությունների խափանմանը: Արդեն 7-րդ ամիսն է, ինչ մեր դպրոցը տնօրեն չունի, ունի պաշտոնակատար ու ամեն անգամ իր և իրենցից մեկի բացակայության պատճառով քվորում չի ապահովվում, և ընտրությունները տեղի չեն ունենում: Նման մարդ հանդուրժել նաև գյուղապետարանում՝ մանավանդ այս դեպքերից հետո, մենք չենք պատրաստվում», – ասել է աշխատակազի ղեկավարը:

Վերջինս նաև նշել է, որ իրենց համագյուղացի Մելիքյանը անցանկալի անձ է պռոշյանցիների համար, ու գյուղում նրա խառնակչությունները զիջել չեն պատրաստվում:

«Կարծում եմ, որ ամոթ և ինքնասիրություն ունեցող մարդը երեկվա դեպքից հետո  այլևս փորձ չի անի գյուղապետարան գալ: Իհարկե, մենք գիտենք օրենքը, հասկանում ենք, որ մինչ նոր գյուղապետ ունենալը օրենքը պահանջում է պաշտոնակատար ունենալ, բայց թող լինի մեկը, ով արժանի է այդ պաշտոնին»,-  ասել է աշխատակազմի ղեկավարը:

Epress.am-ը զրուցել է նաև Մելիքյանի հետ, ով հաստատել է, որ իսկապես գյուղացիներին «թուրք» է անվանել, սակայն «տաքացած է եղել», քանի որ իր հասցեին էլ վիրավորական արտահայտություններ են արել:

«Հիմնականում գյուղապետարանի աշխատակիցներն ինչ-որ ներկայացում արեցին գյուղապետարանի դռան մոտ: Այսպես թե այնպես, նրանք ի պաշտոնե իրավունք չունեին, որովհետև իրենց սեփականության դեմ ոտնձգություն չէի անում: Ես գնում եմ որոշումով՝ իմ պարտականությունները կատարելու: Դա ընդամենը հիստերիայի դրսևորում էր իրենց կողմից», – պատմել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը լավ կազմակերպված է գյուղապետարանի աշխատակիցների «կռուգի» շնորհիվ, անգամ, իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում՝ «նրանք բոլորը և՛ օրենքից են հեռու, և՛ մշակույթից, և՛ կիրթ մարդիկ չեն»:

«Այնտեղ էին սպանված գյուղապետի եղբայրները, ես ոչինչ չունեմ նրանց դեմ, նրանք եղբայր են կորցրել, շատ ցավալի է, ընդունում եմ, բայց որոշ մարդիկ նրանց նվիրական զգացմունքները օգտագործում և խեղաթյուրում են՝ դա նկատելի է: Երեկվա հավաքված մասսայի տղամարդիկ բոլորը  խմած էին, ես չուզեցա ավելի սրել իրադարձությունները, ես շատ հանգիստ էի վերաբերվում: Իմ գյուղն է, ես ոչինչ չունեմ նրանց դեմ, նրանք բոլորը հետո ամաչելու են՝ ինչ ինձ ասել են», – նշել է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ շեշտելով, թե ինքը անկուսակցական է: 

Նա նաև ասել է, որ չի կարելի անընդհատ շահարկել գյուղապետի սպանությունը ու մանավանդ «սրան ու նրան» մեղադրել սպանությունն իրականացնելու մեջ:

«Ընդհուպ ինձ մեղադրեցին սպանության մեջ, եթե հիմա աչքերս փակեմ ու ասեմ՝ սրան եմ կասկածում, նրան եմ կասկածում, դա կլինի՞բարոյական», – ասել է Մելիքյանը:

Նա շեշտել է, թե չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից և դիմելու է ոստիկանություն՝ իր անվտանգությունը ապահովելու նպատակով:

Լուսանկիարը՝ Yerkirmedia.am

Tekali Taxi