2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ալիևի նախկին համակիրը ծեծում էր ցուցարարներին. այժմ պայքարի կոչ է անում

«Շերոն» երաժշտական խմբի անդամներին, որոնք իշխանությանը դիմադրության կոչեր պարունակող «Սուսմա»  («Մի լռիր») անունը կրող երգ են կատարել,  հրավիրել  են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժին:

Համաձայն Moderator.az-ի, տեսահոլովակի տարածումից երկու օր անց խմբի անդամներին ծեծի են ենթարկել ՆԳՆ-ում: Բացի դա, նրանց մի քանի ժամ հարցաքննել են՝ հետաքրքրվելով նախկին պատգամավորի հետ հնարավոր կապի մասին և պահանջել «հեռու մնալ» Հուսեյն Աբդուլաևից:

Բաքվեցի լրագրողները մատնանշում են այն փաստը, որ ինքը՝ Աբդուլաևը (ով հայտնի է Գուսկա մականունով), նախկինում եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիմում, իսկ այժմ իր հեղինակած երգի տեսահոլովակում ամեն ինչից զատ տեղ են գտել նաև 2003 թվականի ցույցերից կադրեր: Ուշագրավ է, որ այդ տարի Աբդուլաևի մարդիկ՝ հենց իր գլխավորությամբ, ծեծել և ցրել են նախագահական ընտրությունները կեղծելու դեմ պայքարողներին: Ավելի ուշ պատգամավոր-երաժիշտը Միլի մեջլիսում ծեծկռտուքի մասնակցելու համար զրկվել էր մանդատից և հեռացվել երկրի ղեկավարի մտերիմների շարքից:

Պայքարի կոչ անող «Շերոն» խմբի ղեկավարը լրագրողներին ասել է. «Մենք երգիչներ ենք. մեզ հրավիրել են՝ մենք երգել ենք: Երգը լավն է, թե ինչ տեսահոլովակ են նկարահանել երգի հիման վրա, մեզ չի վերաբերում»:

Շատ անվանի կատարողներ, ովքեր համագործակցում են քաղաքականությունը լքած երգահանի հետ, զերծ են մնացել այս հարցի շուրջ մեկնաբանություններից:

Հայտնի ադրբեջանցի երգչուհի, երգահանի մոտ ընկերուհի Ռոյա Այխանի պրոդյուսերն ասել է, որ նա գտնվում է երկրից դուրս, բայց «աջակցում է իր ընկերոջը»:

Ադրբեջանցի լրագրողները նշում են, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում նման հետապնդումների թիվը կմեծանա: Նշենք, որ ընտրություններին երրորդ անգամ առաջադրվելու է գործող նախագահ Իլհամ Ալիևը: