Home / Հայաստան / Ինչո՞ւ «Շուշի» ՔԿՀ-ում մահացած երիտասարդի ծնողներին իրավահաջորդ չեն ճանաչում

Ինչո՞ւ «Շուշի» ՔԿՀ-ում մահացած երիտասարդի ծնողներին իրավահաջորդ չեն ճանաչում

2012 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, համոզված է, որ որդին ինքնասպան չի եղել: Այս մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ դեպքից 6 ամիս անց, չնայած բազմաթիվ դիմում-բողոքների, ինքը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:

Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դրանից 8 օր անց Մովսիսյանին գտել են մահացած խցում: Նախորդ ամիս ԶԼՄ-ները գրել են, որ ՀՔԾ արդեն նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը կապված է եղել Մովսիսյանի գործում առկա անճշտությունների հետ:

Մոր խոսքով՝ ինքը հունիսի 6-ին գնացել է ՀՔԾ քննիչ Մուշեղ Բաբայանի մոտ, ով չի համաձայնել այն տեսակետի հետ, թե տղան կարող է ինքնասպան եղած չլինել՝ պնդելով, որ նա կախվել է:

«Ես հարցրեցի՝ այդ ո՞նց է, որ դատում էիք, երեխան առողջ էր, իսկ կախվելու ժամանակ հիվա՞նդ էր, դա ոնց հասկանամ: Իհարկե, ինձ նորմալ ձևով չընդունեցին, պարզվեց, որ իմ փաստաբանն էլ իրենց թելն էր թելում, խոսում էր ի օգուտ դատախազի: Ես ասացի, որ տղայիս վրա հետքեր եմ տեսել, Բաբայանն էլ ասում է՝ նկարները բեր», – նշել է Պետրոսյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, թե հիմնական խնդիրն այն է, որ նոյեմբեր ամսից մինչ այժմ այդ փաստով հարուցված քրգործով մայրը կամ հայրը չեն ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ, ուստի զրկված են որդու իրավուքնները պաշտպանելու հնարավարությունից:

Սաքունցը հիշեցրել է, որ տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար իրենք բազմիցս գրավոր դիմել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝ երբ դատարանի դատավճռով իբր զինվորական ծառայության ընթացքում ծառայությունից խուսափելու համար Հայկ Մովսիսյանը մեղավոր էր ճանաչվել, այն ժամանակ արդեն Հայկը զինծառայող չէր, հոկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա նա արդեն ստացել էր զինգրքույկը, որում նշված է, թե Մովսիսյանը առողջության հետ կապված խնդիրների պատճառով զորացրվում է», – ասել է Սաքունցը:

Նա նշել է, որ ապրիլի 16-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Մովսիսյանը հետմահու անմեղ է ճանաչվել:

«Մարտի 28-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում՝ պաշտոնատար անձանց կողմից Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված պաշտոնական անփութություն մեղադրանքով: Մայիսի 3-ին ՀՔԾ պետ Միրզոյանին հեռացնում են աշխատանքից: Մայիսի 16-ին արդեն Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թամազյանի ստորագրությամբ Վճռաբեկ բողոք է ուղարկվում ընդդեմ Վերաքննիչ բողոքի: Այսինքն՝ նույն դատախազության կողմից՝ մի ձեռքով Վրաքննիչ բողոք՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, երկրորդ ձեռքով բողոք՝ընդդեմ  Վերաքննիչ դատարանի որոշման», – ասել է Սաքունցը:

Իրավապաշտպանը շեշտել է, որ Մովսիսյանի մահվան գործը դարձել է կռվախնձոր՝ զինդատախազ-գլխավոր դատախազ հարաբերությունների պարզաբանման հիմքում:

«Պահանջում ենք ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Հեղինե Պետրոսյանին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ՝ հնարավորություն տալով հարցեր առաջադրելու իր որդու մահվան հանգամանքների գործով նախաքննության մարմնին ու միաժամանակ հասկանալու՝ ի՞նչ է արվել պետության կողմից: Եվ քանի դեռ չեն կատարել նշված պահանջները, Հայաստանի հանրապետությունը, հանձին ՀՔԾ-ի, կատարում է հանցագործների և հանցագործ գործողությունների հովանավորչություն և ակնհայտ կոծկում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հովանավորվող հանցագործությունը»,- ասել է Սաքունցը:

Tekali Taxi