Home / Հայաստան / Կարկուտից տուժած գյուղացիները դատարկաձեռն են ճանապարհել վարկատուներին

Կարկուտից տուժած գյուղացիները դատարկաձեռն են ճանապարհել վարկատուներին

Երեկ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կարկուտից տուժած բնակիչները դատարկաձեռն են ճանապարհ դրել վարկերի տոկոսները հավաքելու նպատակով իրենց գյուղ այցելած վարկային կազմակերպությունների ու բանկի ներկայացուցիչներին: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մրգաշատ գյուղի ավագանու անդամ Թաթուլ Սողոմոնյանը:  

Նա եկածներին «հարկահավաքներ» է անվանել՝ նշելով, որ վերջիններս գյուղապետարան են եկել ոստիկանների ուղեկցությամբ ու փորձել են ստիպել ժողովրդին վճարել տոկոսները:

Սողոմոնյանի փոխանցմամբ՝ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության ներկայացուցիչներին սկզբում հաջողվել է գյուղացիներից մի քանիսից գումար հավաքել:

«Ժողովուրդը վախեցած սրանից-նրանից պարտք արած շտապում էր գյուղապետարան՝ տոկոսները մարելու: Սկզբում ես տեղյակ չէի, բայց երբ իմացա, որ նման բան է կատարվում, շտապեցի գյուղապետարան ու գոռացի բոլորի վրա, ասացի՝ «ոչ մի կոպեկ սրանց չտաք, ով որ մի կոպեկ տվել ա, շնից ծնված լինի», նոր դրանից հետո ժողովուրդը աշխուժացավ», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա նաև շեշտել է, որ գյուղացիները նման կերպ ճանապարհել են նաև բանկերից մեկի (անունը չի նշել-խմբ.) աշխատակիցներին:

«Մտա, վիճեցի, բանկի ներկայացուցիչը վրաս մուննաթ եկավ, թե՝ «դու վարկ չունես, տոկոս չունես, ինչի՞ ես պայքարում», ես էլ ասացի՝ «լավ եմ անում, ես ավագանու անդամ եմ ու իմ գյուղացու շահերն եմ պաշտպանում», սրանք էլ թողեցին, գնացին, որ տեսան ոչ մի բան չեն կարում անեն», – ասել է մեր զրուցակիցը:

Սողոմոնյանը պատմել է, որ «հարկահավաքներին» բացատրել  է, թե ինքը ներկա է եղել վարչապետի խորհրդակցությանը մարզպետարանում և լսել է՝ ինչպես են Տիգրան Սարգսյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել, որ վարկերի  տոկոսները պետք է սառեցվեն:

«Իրենք էլ ասում են, թե նման որոշում չկա, վարչապետն իրենց ոչինչ չի ասել: Իրենք լավ գիտեն, որ ժողովրդին դրել են էշի տեղ, ինչ էլ պոկեն՝ քյար ա: Ես էլ զանգեցի Կենտրոնական բանկի թեժ գիծ, հեռախոսը տվեցի իրենց ու ասացի՝ խոսեք: Խոսելուց հետո փախան: Ես էլ ասացի՝ որ օրինական ա, ինչի՞ եք փախնում, փողերը վերցրեք, նոր գնացեք», – եզրափակել է Սողոմոնյանը:      

Նույն համայնքի բնակիչ Երեմ Առաքելյանն էլ մեր թղթակցին պատմել է, որ գյուղացին հիմնականում վարկ է վերցնում վարուցանքի և գոյության կռվի համար:

«Հիմա կարող է մի տունը 4 տարբեր վարկեր վերցրած լինի, գալիս է մի պահ, հետո պարտադրված մի ուրիշ վարկ է վերցնում, որ նախորդները փակի ու էդպես հավաքվում է ու խրվում է տոկոսների տակ: Էնքան մարդիկ կան, որ հող մշակելով 10-15 հազար դոլար գրուզ հավաքեցին, գնացին խոպան, որ աշխատեն, բերեն պետության պարտքերը տան: Մինչև վարկն էլ տալիս են, էնքան տոկոսներ ու հարկեր են վերցնում, որ գյուղացու գրպանում չնչին գումար է մնում, դա էլ մեկ-երկու, վերջանում է: Գյուղում 99 տոկոսը այդ վիճակում են», -ասել է Առաքելյանը:

Նա նաև նշել է, որ Կենտրոնական բանկի թեժ գիծ զանգահարած  մրգաշատցիները զգուշացրել են, որ եթե նախորդ անգամ տղամարդիկ էին փակել ճանապարհը, ու հնարավոր եղավ նրանց համոզել տուն գնալ, ապա, եթե նման դեպքերը շարունակվեն, կանայք են դուրս գալու ակցիայի: Առաքելյանի խոսքով ՝ դրանից հետո բանկի ներկայացուցիչները վերադարձրել են գյուղացիներից հավաքած գումարները ու հեռանում են Մրգաշատից:

Tekali Taxi