Home / Հայաստան / Նախագահականի դիմաց հիշեցրել են Մոնթեի և ԼՂՀ-ում շահագործվող հանքերի մասին

Նախագահականի դիմաց հիշեցրել են Մոնթեի և ԼՂՀ-ում շահագործվող հանքերի մասին

Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ նպատակ ունենալով հիշեցնել ղարաբաղյան պատերազմի ժամանակ 20 տարի առաջ այս օրը զոհված ազատամարտիկ Մոնթե Մելքոնյանի մասին և արծարծել Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները: 

Ակտիվիստները պահել էին մեծ պաստառ, որի վրա գրված էր «Դուք ուրացաք Մոնթեի արյունը»: Epress.am-ի հետ զրույցում բողոքողներն ասել են, որ հանրային ակցիայի նպատակն է նաև անցորդներին հիշեցնել Մոնթեի մասին, շեշտել, որ թեև նրա և այլ հերոսների անունը իշխանություններն անընդհատ շրջանառում են, սակայն գործնականում նրա խոսքին հակասող քայլերով երկիրը տանում են կործանման:

Մասնավորապես, ակցիայի մասնակից բնապահպան Եղիա Ներսեսյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջաններում հանքերի շահագործման լիցենզիաներ են տվել, ընդ որում՝ այն վայրորում, որոնք, Մոնթեի կարծիքով, պետք է արգելավայր մնային:

«Քանի որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ, ոչ մի լուրջ բնապահպանական կազմակերպություն չի կարող այնտեղ որևէ բան անել, դրա համար «բեսպրեդել» է, թալանում են Արցախը, ոչ մի բացասական գնահատական որևէ հանքաարդյունաբերական ծրագրի վերաբերյալ չեն տալիս, բոլորը դրական: Այդպես շարունակվի կկորցնենք Արցախը, ինչպես կորցնում ենք Հայաստանը: Հայաստանը կորցնում ենք հայաթափությամբ: Դրա համար ենք ասում՝ դուք ուրացաք Մոնթեի արյունը: Մոնթեն ասում էր՝ իմ  անունը մի հիշատակեք, իմ նկարները մի տարածեք, իմ գործը շարունակեք»,- ասել է Եղիա Ներսիսյանը:

Մեր այն հարցին, թե ինչու ակցիան չեն անցկացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը տալիս է հանքերի արտոնագրերը, Եղիա Ներսիսյանը պատասխանել է, թե նախ Արցախի հանքերի արտոնագրերը տրվում են համատեղ հայաստանյան իշխանությունների հետ, բացի դա, Արցախի հասարակությունը  նման է 1994 թվականի Հայաստանի հասարակությունը, այսինքն՝ նրանց համար մի քիչ անիրական է թվում իրենց իրավունքների համար պայքար տանելը: 

Ակտիվիստի խոսքով՝ եթե նույնիսկ հայերը պայքարեն և չցանկանան հանքերում աշխատել, ապա նեոգաղութարարները հանքերը կշարագործեն՝ այլ աշխատողներ բերելով, ինչպես Կաշենի հանքի դեպքում, որտեղ մոլոկաններ են աշխատում հիմա:

Այնուհանդերձ, Ներսիսյանը նշել է, որ հասարակության իրազեկման  միջոցառումներ ակտիվիստները կանցկացնեն նաև Արցախում:

Tekali Taxi