Home / Հայաստան / Կերպարանափոխում. ո՞ր Հայաստանի հավաքականն էր իսկականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կերպարանափոխում. ո՞ր Հայաստանի հավաքականն էր իսկականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0:1 հաշվով սեփական հարկի տակ զիջել Մալթային, ապա 4 օր անց մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով հաղթել Դանիային նշանակում է անհավանական ցատկ կատարել ամենացածր կետից դեպի ֆուտբալյին բարձրունք: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 11-ին կարողացավ նման հրաշք գործել մի իրավիճակում, երբ թիմից ոչ ոք հաղթանակ չէր սպասում:

Հայաստանցիները ոչ միայն պարզապես ավելի ուժեղ ֆուտբոլ խաղացին մրցակցից, այլ նաև տեղական նշանակության մի քանի ռեկորդ սահմանեցին: Յուրա Մովսիսյանը խփեց Հայաստանի հավաքականի պատմության ամենարագ գնդակը՝ 24-րդ վայրկյանին: Մեր ընտրանին կրկնեց իր ամենախոշոր հաշիվը մրցակցի հարկի տակ և ընդհանրապես: Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ և հավաքականում խփած գնդակների թիվը հասցրեց 11-ի՝ հավասարվելով պատմության լավագույն ռմբարկուին՝ Արթուր Պետրոսյանին: Կասկածից վեր է, որ Հենրիխն այդ ցուցանիշը մոտ ապագայում կգերազանցի:

Հարց է ծագում՝ ո՞րն էր իսկական Հայաստանի հավաքականը: Այն, որ ոչինչ չկարողացավ անել Մալթայի դեմ, թե այն մեկը, որը ջախջախեց Դանիային: Նման կերպարանափոխումը հնարավոր կլիներ բացատրել ֆուտբոլային գործոններով, եթե առաջին խաղում մրցակիցը ոչ թե Մալթան լիներ, այլ, ասենք, Չեխիան կամ Բուլղարիան: Կասեինք, որ Հայաստանի ընտրանին միշտ ավելի դժվար է խաղում առաջին համարով, երբ մրցակիցը մեծ ուժերով պաշտպանվում է, ու ավելի լավ է իրեն զգում երկրորդ համարով գործելիս, երբ պաշտպանությունից հարձակում արագ անցման և սրընթաց հակագրոհների հնարավարություն կա: Սակայն Մալթայի հավաքականը կարգով այնքան ցածր է, որ ոչ մի բացատրություն ընդունելի չէ: Այսպիսով, պատասխանը նույնն է, ինչ 4 օր առաջ՝ թե՛ պարտության, թե՛ հաղթանակի արմատներն ընկած են խաղադաշտից դուրս:

Իհարկե, հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի փոփոխությունները (Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյանի փոխարեն, Արթուր Եդիգարյանը՝ Դավիթ Մանոյանի, Գևորգ Ղազարյանը՝ Մարկոսի, Վարազդատ Հարոյանը՝ Տարոն Ոսկանյանի) խաղի վրա դրական ազդեցություն ունեցան, բայց դրանք նման կտրուկ կերպով ամեն ինչ չէին կարող փոխել: Այսպիսով, առաջին պլան է մղվում հոգեբանական գործոնը:

Մալթայի հետ խաղում Հայաստանի հավաքականը դիտվում էր որպես ֆավորիտ, խաղում էր սեփական հարկի տակ, առկա էր ինքնավստահություն՝ համեմված թիմում առկա որոշակի խնդիրներով, որոնց մասին կարելի էր ենթադրել դեռ Չեխիայի խաղից հետո Հենրիխ ՄԽիթարյանի կողմից արված հայտարարությունից: Բացի դա, առկա է արտաքին ճնշում՝ ֆեդերացիայի ղեկավարներ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ, որոնց համար հավաքականը վերջին տարիներին «փիառվելու» լավ հնարավորություն է ստեղծել: Այդ ամենը, իհարկե, խանգարում է զուտ ֆուտբոլային գործընթացին. եղավ մի պահ, երբ Վարդան Մինասյանը կորցրեց թիմը լիարժեք կառավարելու, զգալու հատկությունը՝ համենայնդեպս այդպիսի տպավորություն էր թե՛ Չեխիայի, թե՛ հատկապես Մալթայի հանդիպումներից հետո:

Ինչպես արդեն նշվել է, հավաքականը Դանիա մեկնեց ամենացածր կետում գտնվելով: Թիմից ոչ ոք սխրանքներ չէր սպասում, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը քննադատության էին ենթարկվել, մեծ էր Վարդան Մինասյանի պաշտոնակության հնարավարությունը Դանիայի դեմ խաղից անիմջապես հետո: Նման իրավիճակում, երբ հավաքականը «պատին էին դեմ տվել», կորցնելու ոչինչ չկար: Թիմն էլ թասիբի ընկավ, որոշեց ապացուցել, որ կարող է խաղալ, չնայած շատերը գոնե այս փուլում ազգային ընտրանու վրա խաչ էին քաշել:

Այն ցանկությունը, որն ունեին Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը մենք այս տարվա նախորդ երեք հանդիպումների (Լյուքսեմբուրգ, Չեխիա, Մալթա) ընթացքում չէինք տեսել: Եթե նախորդ խաղի ժամանակ բացառությամբ Արազ Օզբիլիսի, մեկը չկար, որ թիմն իր հետևից տանելու պատասխանատվություն կվերցներ, ապա Դանիայի հետ խաղում առաջատար էին գրեթե բոլոր՝ նույն Օզբիլիսը, Մովսիսյանը, Բերեզովսկին, Մխիթարյանը, Արթուր Եդիգարյանը, անգամ երիտասարդ Վարազդատ Հարոյանը, ով հիանալի տպավորություն թողեց պաշտպանության կենտրոնում:

Այս անգամ ստացվեց գրեթե ամեն ինչ, և մնում է միայն հուսալ, որ խաղացողների՝ հավաքականի համար նման ֆուտբոլ խաղալու ցանկությունը միշտ առկա կլինի, խնդիրներն անցյալում կմնանա, իսկ թիմի վրա ավելորդ արտաքին ճնշում չի լինի: Ֆուտբոլը կմնա ֆուտբոլիստներին և մարզիչներին, ու, գուցե, այդ դեպքում նրանք մեզ ուրախանալու առիթներ ավելի շատ կպարգևեն: 

Ա.Մ.

Tekali Taxi