Home / Հայաստան / Եթե վարչապետը օֆշորում ընկերություն չունի, ապա խնդիրն ավելի լուրջ է. Շահնազարյան

Եթե վարչապետը օֆշորում ընկերություն չունի, ապա խնդիրն ավելի լուրջ է. Շահնազարյան

Վարչապետի՝ օֆշորային գոտում գրանցված ընկերություն ունենալու մասին հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն, ՀՀ ազգային անվտնագության նախկին նախարար Դավիթ  Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ օֆշորային գոտում վարչապետի անունով գրանցված ընկերության մասին գրել էր hetq.am կայքը, իսկ Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով ստուգել տեղեկությունը:

Ըստ Շահնազարյանի՝ հրապարակումից հետո իշխանությունները պարտավոր էին իրականացնել երկու քայլերից մեկը. առաջին՝ վարչապետը և ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք է հետևեին արդեն իրավական գործառույթներ:

«Եվ երկրորդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե՝ հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և վարչապետը որևէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության և գումարային փոխանցումների հետ, ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեև ավելի: Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել՝ սա արդեն հարված է պետությանը և ազգային անվտանգության լուրջ խնդիր», – ասել է Շահնազարյանը:

Բանախոսի կարծիքով՝ իշխանության քայլերը համարժեք չեն, մինչդեռ բավական ժամանակ է անցել, և, եթե իրենց առաջ քաշած վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արդեն այդ առիթով քրեական գործ հարուցված լիներ, և այդ գործի շրջանակներում սպառիչ պատասխաններ տրվեին, թե ի՞նչ ուժեր են ՀՀ վարչապետի անունից նման գործարքներ իրականացրել:

Tekali Taxi