Home / Հայաստան / Բուժհիմնարկը գումարներ էր վերցնում և՛ պետությունից, և՛ հիվանդներից. աշխատավարձ չեն վճարում

Բուժհիմնարկը գումարներ էր վերցնում և՛ պետությունից, և՛ հիվանդներից. աշխատավարձ չեն վճարում

«Սթրես-կենտրոն» բժշկական հիմնարկի գործազուրկ դարձած աշխատակիցները ցանկանում են պարզել՝ ինչու և ում պատճառով է փակվել կենտրոնը և ով է վճարելու իրենց աշխատավարձերը: Կենտրոնի աշխատակիցներից մի քանիսն այսօր այցելել են Еpress.am-ի խմբագրություն և ներկայացրել իրենց խնդիրը:

Նրանք պատմել են, որ կենտրոնում աշխատել են հիմնադրման առաջին օրից, սակայն տնօրինության անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով կենտրոնը կործանվել է, որի հետևանքով աշխատակազմի մեծ մասը զրկվել է աշխատանքից:

20 տարվա աշխատանքային փորձ ունեցող ընդունարանի և արխիվի աշխատակից Լարիսա Քալանթարյանը մեր թղթակցին պատմել է, որ «Սթրես-կենտրոնում» տարիներ շարունակ բուժում են ստացել ազատամարտիկները, երկրաշարժից տուժածները ու բոլոր նրանք, ով ունեցել է կենտրոնում ցուցաբերվող օգնության կարիքը, սակայն հիմնադիր տնօրեն Ադա Թադևոսյանի հրաժարականից հետո նոր ղեկավար Սամվել Սուքիասյանը կենտրոնը տարել է կործանման:

«Ամեն մեկը մտածում էր իր գրպանի մասին և տարատեսակ խախտումներով էր աշխատում: Նախնական շրջանում կենտրոնը գործում էր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի շենքում, այնուհետ՝ «Արթմեդի» տնօրենն առավ շենքը, ու կոնֆլիկտ առաջացավ: Քանի որ չէին կարողանում վարձավճարները տալ, մենք տեղափոխվեցինք Ամերիկյան Պրոթեզավորման կենտրոն, որտեղ ընդհանրապես վարձավճարներ չվճարվելու պատճառով պարտքը հասավ  20 միլիոնի, այնինչ նախարարությանը գրում էին՝ կես միլիոն: Բժիշկներին ասացի՝ ուշքի եկեք, մենք 20 միլիոն պարտք ենք, երեևի իմ խոսքից էլ իրենք ուշքի եկան ու մի քանիսը հավաքվեցին, որոշեցին մեզանից առանձնանալ ու գնալ «Արթմեդ»,- պատմել է բուժքույրը: 

Մեր զրուցակիցը պատմել է, որ դրան հաջորդել է կլինիկայի ղեկավար Սուքիասյանի և գլխավոր բժիշկ Անդրանիկ Մակարյանի վիճաբանությունը:

«Չնայած իրենք ընկերներ էին, սակայն լուրեր էին պտտվում, որ վեճի ընթացքում անգամ հարվածել են իրար: Որոշ ժամանակ անց իմացանք, որ վերջիններս պաշտոններով փոխվել են: Սուքիասյանը մի քանի ամիս աշխատեց Մակարյանի ձեռքի տակ ու հետո չիմացանք՝ ինչ եղավ», – ասել է Քալանթարյանը:

Նա ընդգծել է, որ հենց այդ ընթացքում էլ որոշ բժիշկներ կոլեկտիվից գաղտնի դիմել են Առողջապահության նախարարություն՝ բողոքելով, թե Մակարյանը կռվարար է և աջ ու ձախ վիրավորում է բոլորին:

«Քանի որ առանց մեզ տեղյակ պահելու գնացին, մենք էլ ստիպված պաշտպանեցինք Մակարյանին, չնայած նրան, որ վերջինս այնքան խարդախություններ էր արել: Անձամբ ես՝ 1993 թվից աշխատում էի ընդունարանում և տեսնում էի, թե ինչ խարդախություններ են անում՝ պետպատվերով եկած բոլոր հիվանդներից  ու նամանավանդ ազատամարտիկներից խաբեությամբ մի քանի տասնյակ հազարներ վերցնում, ասենք՝ սուր դեպքի տակ 60.000 դրամ: Համ պետությունից էին գումար վերցնում, համ հիվանդներից: Քանի որ ես խոսում էի, ինձ ազատեցին, տարան արխիվ, իմ փոխարեն ընդունարանում սկսեց աշխատել Մակարյանի կինը՝ Գայանեն: Մի օր գալիս էր, մի շաբաթ չէր գալիս՝ 2005 թվականի ամռանը գնաց Սոչի, գումար աշխատեց, ես էլ 6 ամիս իրեն փոխարինեցի, եկավ՝ իմ փոխարեն ստացավ աշխատավարձը», – պատմել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ «Սթրես-կենտրոնի» փակվելուց հետո «Արթմեդում» փոքր բաժանմունք է գործում, որտեղ «Սթրես-կենտրոնի» նախկին աշխատալիցներն ազատամարտիկների մեծ մասին հրաժարվում են ընդունել ու բուժօգնություն ցուցաբերել:

«Օրինակ՝ Ստեփան Ստեփանյանին՝ մականունը Ռեմբո, Կազախեցյան Վախթանգին բժիշկը գիշերով դուրս էր շպրտել հիվանդանոցից այն բանից հետո, երբ Ստեփանին զանգահարել-ասել են, որ երեխան մնացել է վերելակի մեջ: Նա էլ շտապել է տուն ու երբ վերադարձել է հիվանդանոց, բժիշկը վիճել է ազատամարտիկների հետ ու գիշերվա ժամը չորսին երկուսին էլ դուրս է հանել կենտրոնից», – նշել է բուժքույրը՝ ասելով, որ «Արթմեդի» ղեկավարությունը, այնուամենայնիվ, մեղավոր չէ, քանի որ իրենց կենտրոնը քանդել են Մակարյանն ու Սուքիասյանը:

Քալանթարյանի խոսքով՝ անգործ մնալը բավական չէր, դեռ բուժաշխատողների մեծ մասի մեկ ամսվա աշխատավարձերն էլ 1,5 տարի անց «Սթրես կենտրոնը» զլանում է վճարել: 

«2012-ի փետրվարի աշխատավարձերը շատերը չեն ստացել, կենտրոնի գանձապահն էլ ասում է, թե  կարիք է ունեցել ու ծախսել է», – ասել  Քալանթարյանը, ինչը նաև փաստել են կենտրոնի աշխատակիցներից մի քանիսը:

Epress.am-ը զրուցել է նախկին «Սթրես-կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Մակարյանի հետ, վերջինս էլ պարզաբանել է, թե կառավարության որոշմամբ իրենց կլինիկան դրվել է աճուրդի, «Արթմեդը» գնել է այն, իսկ բուժանձնակազմը ազատվել է այն պարզ պատճառով, որ «Արթմեդին»  աշխատողներ հարկավոր չեն եղել: 

«Փետրվարի աշխատավարձերի պարտք մնալը  գանձապահի մեղքով է եղել, նա էլ խոստացել է, որ մեկ ամսվա ընթացքում կամաց-կամաց կվճարի աշխատողների պարտքը», – ասել է Մակարյանը:

Epress.am-ին չի հաջողվել զրուցել գանձապահի հետ, քանի որ վերջինս զանգերին չի պատասխանել: Մեր թղթակիցը զրուցել է կենտրոնի հաշվապահ Սուսաննայի հետ (ազգանունը հրաժարվել է նշել), ով հաստատել է Մակարյանի խոսքը:

«Գանձապահը նեղ վիճակում է եղել ու մոտ 700 հազար դրամ ծախսել է: Ինքը չի մտածել, թե հիմնարկը կքանդվի, կմնա առանց աշխատանք ու չի կարողանա վճարել այդ մարդկանց պարտքերը: Նա անպայման կվճարի, անգամ խոստացել է ստացականներ տալ պարտատերերին», – ասել է հաշվապահը:

Նախկին «Սթրես-կենտրոնում» 1996 թվականից աշխատած բժշկուհի Անաիդա Մկրտչյանն էլ մեր թղթակցին ասել է, որ, իմանալով իրավիճակը, բուժանձնակազմը հույս չունի, որ երբևէ այդ գումարները կվերադարձվեն և որ փողերը յուրացրել է հենց կենտրոնը: 

«Ես անձամբ կասկածում եմ՝ այդ տղան ի՞նչ է արել գումարները: Մտավախությունը իրավիճակն է, քանի որ գանձապահը ոչ աշխատանք ունի, ոչ սեփականություն ունի, ոչ էլ հույս, թե երբևէ ինչ որ բան կունենա», – եզրափակել է Մկրտչյանը:

Tekali Taxi