Home / Հայաստան / 1 տարի՝ նախագահականի դիմաց. կինը չի պատրաստվում դադարեցնել պայքարը

1 տարի՝ նախագահականի դիմաց. կինը չի պատրաստվում դադարեցնել պայքարը

Այսօր լրանում է նախագահական նստավայրի մոտ  բողոքի ակցիա անցկացնող Էմմա Սահակյանի նստացույցի մեկ տարին: Նրա բարձրացրած հարցը չի լուծվել, որևէ ընթացքի մեջ չէ, սակայն կինը  նստացույցը դադարեցնելու ցանկություն չունի.  ասում է, որ հասնելու է օրինականության հաստատմանը:

Խնդիրը վերաբերում է անշարժ գույքի մասին վեճին: Էմմա Սահակյանը պնդում է, որ չորս տարի առաջ քրոջ դուստրն իրեն զրկել է բնակարանից, որտեղ նա գրանցված է եղել և որը կտակ է թողնվել իրեն: Երեք տարի կինը դիմել է դատարաններ, սակայն  վեճը չի շահել, քանի որ դավադրության հեղինակ քրոջ դուրստը, նրա խոսքով, կեղծ փաստաթղթեր ուներ: Նախորդ տարվա հունիսի 14-ին կինը նստացույց է սկսել, իսկ 79 օր հետո անցել հացադուլի, որը դադարեցրել է 21 օր անց՝ քաղաքացիական ակտիվստների խնդրանքին ընդառաջ գնալով:

Epress.am-ի հետ զրույցում Էմմա Սահակյանն ասել է, որ թեև այս ընթացքում բազում դիմում-նամակներ է գրել պատկան մարմիններին և հանդիպումներ ունեցել, որևէ դրական արձագանք չի ստացել:

«Ես ինձ օրենքով պատկանող գույքի համար եմ պայքարում, նախագահականից ասում են՝ գնա ծերանոց: Հանդիպել եմ արդարադատության նախարարի հետ, ով ասում է, թե խնդիրը իր իրավասությունից դուրս է, երբ հարցը հենց արդարության մասին է: Նախագահականին գրած  նամակներս ուղղել են նաև դատախազություն, ոստիկանություն, սակայն նրանք վերադարձվել են բացասական պատասխաններով»,- պատմել է Սահակյանը:

Նա հավելել է, որ ամեն առավոտ գնում է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որտեղից նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունը նրան աշխատանքի է ուղեկցում:

«Գնում կանգնում եմ՝ ձեռքիս այն պաստառը, որի վրա գրված  է, որ ես Նժդեհի եղբոր աղջիկն եմ:  Ոչ մի անգամ նախագահը ուշադրություն չի դարձրել ինձ»,- ասել է Էմմա Սահակյանը:

Նա մտադիր է կրկին դատական հայց ներկայացնել իր քրոջ աղջկա դեմ, սակայն այժմ դա հնարավոր չի համարում, քանի որ փաստաբան վարձելու համար գումար չունի: Կինը դիմել է իրավապաշտպաններին ՝ հույս ունենալով, որ իրեն փաստաբան կտրամադրվի:

«Ես չեմ դադարացենելու իմ պայքարը, ինչքան երկար էլ պահանջվի, պետք է հասնեմ նրան, որ օրենքով ինձ պատկանող գույքը վերադարձվի: Իմ բացակայությունից օգտվելով՝ տունը վաճառելուց առաջ տան դուռը բացել և ամբողջ գույքս տարել են: Ես իմ գույքն էլ պետք է գտնեմ»,- ասել է Սահակյանը:

Tekali Taxi