Home / Հայաստան / Էրդողանը «իր պարտքն է համարում» ցուցարարներից մաքրել Գեզի այգին

Էրդողանը «իր պարտքն է համարում» ցուցարարներից մաքրել Գեզի այգին

Մինչ շաբաթ և կիրակի օրերին Ստամբուլում և Անկարայում շարունակվել են բախումները Գեզի այգու պահպանման համար պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրահավաք է հրավիրել Ստամբուլի Կազլիչեշմե այգում:

Տվյալ վայրը գտնվում է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Էրդողանը ավելի վաղ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ իր կողմից նախաձեռնած «Հարգանք ազգային կամքի հանդեպ» հանդիպումների շարքը Գեզի այգու ցույցերին ընդդեմ կազմակերպված քայլ չէ, այլ գործող կառավարության նկատմամբ համաժողովրդական աջակցության արտահայտում:

«Նրանք ովքեր ուզում են իմանալ՝ ինչ է կատարվում Թուրքիայում, ավելի լավ է նայեն Կազլիչեշմեի  ուղղությամբ»,- Էրդողանի ելույթից հատված է մեջբերում Hurriyet Daily News-ը:

Նրա խոսքով՝ հրապարակում հավաքված «հարյուր հազարավոր մարդիկ նրանք չեն, ովքեր վառել և ոչնչացրել են»:

«Նրանք դավաճաններ չեն՝ ի տարբերություն նրանց, ովքեր Մոլոտովի կոկտեյլներ են են նետում իմ մարդկանց վրա: Ինչ էլ որ անենք, մենք մնալու ենք ժողովրդավարության և օրենքի շրջանակներում: Մենք երբեք օրինականության սահմանները չենք անցել»,- ասել է վարչապետը:

Իր ելույթում Էրդողանը ևս մեկ անգամ քննադատել է միջազգային մամուլը՝ մեղադրելով կրքերն արհեստականորեն թեժացնելու մեջ:

«Եթե միջազգային մամուլը Թուրքիայի պատկեր է ուզում՝ այն այստեղ է՝ Ստամբուլում: CNN-ը, Reuters-ը, BBC-ն նույնպես թաքցնում են այս պատկերը և շարունակում ստել: Թուրքիան այն երկիրը չէ, որի վրա միջազգային լրատվական հաստատությունները կարող են գործողություններ իրականացնել: Առանց ամոթի զգացողության՝ նրանք ասում են՝ արաբական գարունից հետո պատրաստվեք թուրքական գարնանը: Նրանք չգիտեն, որ Թուրքական Գարունը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 3-ին», – ասել է նա՝  նկատի ունենալով այն ամսաթիվը, երբ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության է եկել:

Էրդողանն իր ելույթի ընթացքում ցուցարարներին խոհեմության կոչ է արել. «Մենք մեկ առ մեկ բացահայտելու ենք մեր քաղաքի փողոցները ահաբեկողներին: Մենք ունենք քաղաքի հսկողության բոլոր տեսագրությունները: Մենք սոցիալական ցանցերում կփնտրենք և կգտնենք նրանց, ովքեր հրահրել են այս իրադարձությունները»

Թուրքիայի վարչապետը նշել է, որ, չնայած որոշ մարդիկ իրեն բռնապետ են անվանում, դա չի համապաստախանում իրականությանը:

«Ո՞ր մի բռնապետը կհանդիպեր Գեզի այգու ցուցարարների և բնապահպանների հետ»,- ասել է Էրդողանը:

Վարչապետը Գեզի այգին ցուցարարներից մաքրելն իր պարտքն է համարել:

«Եթե ես դա չանեմ, ես չպետք է մնամ այս պաշտոնին: Բայց եվրոպացիները պնդում են, որ այգին գրավելը ազատության հարց էր: Ի՞նչ ազատություն: Ազատությունը պետք է լինի օրենքի շրջանակներում», – նշել է Էրդողանը՝ հավելելով, որ շարունակելու է հանրահավաքները նաև Թուրքիայի այլ քաղաքներում:

Tekali Taxi