Home / Հայաստան / Ուկրաինայի ԱԳ նախարարը «սայթաքել է Ղարաբաղի վրա». Ինչու են կրճատել նրա կովկասյան երթուղին

Ուկրաինայի ԱԳ նախարարը «սայթաքել է Ղարաբաղի վրա». Ինչու են կրճատել նրա կովկասյան երթուղին

Ուկրաինայի` ԵԱՀԿ-ում նախագահության առաջին 6 ամիսները նշանավորվեցին  ԱԳՆ նախարար Լեոնիդ Կոժարայի՝ Ադրբեջան և Հայաստան այցերը չեղյալ հայտարարելու մասին լուրով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախարարը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, հունիսի 17-18-ին ծրագրում է այցելել Բաքու, այնուհետև երկու օրով մեկնել Թբիլիսի, իսկ այնտեղից՝ Երևան: Այժմ նրա երթուղում մնացել է միայն Վրաստանը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Անցած ուրբաթ Լեոնիդ Կոժարան հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ, որպեսզի քննարկի Բաքվի և Երևանի հետ ապագա բանակցությունների մանրամասները: Իսկ հաջորդ օրն արդեն հայտնի դարձավ, որ այդ բանակցությունները տեղի չեն ունենա: Հարցը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ անհայտ աղբյուրից ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Կոժարայի հետ հանդիպման համար ժամանակ չեն գտել, որից հետո դիվանագիտական սկանդալի հոտ եկավ, նշում է «ՆԳ»-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ փորձագետները Ուկրաինայի ԵԱՀԿ նախագահության օրոք հակամարտությունների կարգավորման հարցում շարժ չեն տեսնում: Կիևում օրերս տեղի ունեցած քննարկման ժամանակ սուր և քննադատական հայտարարություններ են հնչել երկրի հասցեին: Ըստ ամերիկյան Կարնեգի հիմնադրամի նախագահ Մեթյու Ռոժանսկու՝ Ուկրաինան ստանձնած խնդիրները լուծելու համար բավարար ջանքեր չի գործադրում, և ԵԱՀԿ-ում նրա  նախագահությունն անհաջող արդյունք կունենա:

Ուկրաինայի քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Բանդարենկոն քննադատությունը անարդար է համարում. «Որոշ մարդիկ մեղադրանքներ հնչեցնելու համար պատճառներ են փնտրում: Բայց առիթ չկա: Բաքու և Երևան այցերը չեղյալ չեն հայտարարվել, այլ հետաձգվել են: Եվ սա ճիշտ քայլ է, քանի որ օրակարգում ներկայացված են այնպիսի բարդ խնդիրներ, որոնք պահանջում են երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում: Բացի այդ, քաղաքականորեն ավելի խելամիտ կլիներ Բաքու և Երևան այցերը իրարից բաժանել, ինչը և կարվի: Կարծում եմ՝ մինչև աշուն բոլոր հանդիպումները տեղի կունենան: Բայց սա չի նշանակում, որ Ուկրաինան երկու տասնամյակ տևած բոլոր հակամարտություններն ինչ-որ հրաշքով կկարգավորի: Դա անհնար է: Ոչ ոք մեզնից դա չի պահանջում ու չի ակնկալում»:

Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը «Նեզամիսիմայա գազետային» հայտնել է, որ Կոժարայի՝ Բաքու և Երևան այցերը հետաձգվել են՝ երկրների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպոլու անհրաժեշտության պատճառով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ մենք համարում ենք, որ այս հարցը պետք է քննարկի ամենաբարձր մակարդակով: Այս դիրքորոշումն ընդունում են և ԵԱՀԿ-ում, մասնավորապես՝ Մինսկի Խմբի համանախագահները»: Դիվանագետը նշել է, որ այցերի նոր ժամկետներն այժմ որոշվում են:

Մերձարևելյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իգոր Սեմիվոլոսը կարծում է, որ Ուկրաինան տարվա սկզբին չափազանց հավակնոտ հայտարարություններ էր արել, որոնք իրականացնելն անհնար է: Նա «ՆԳ»-ին ասել է, որ նախկին տասնամյակներում սառեցված հակամարտությունները վերածվել են տարբեր հետաքրքրությունների կծիկի, ինչը բարդացնում է հակամարտող կողմերի երկխոսության հնարավորությունը: «Մինչև Ուկրաինան որպես ԵԱՀԿ նախագահներ հանդես են եկել ավելի հզոր, ազդեցիկ և մեծ ռեսուրսներ ունեցող երկրներ, բայց ոչ մեկին չի հաջողվել կարգավորել ԱՊՀ-ի սառեցված հակամարտությունները: Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը սառեցված հակամարտությունների մասին իր քաղաքականությունը չի որոշել: Այդ պատճառով հիմա կանգնած է հրադադարի ռեժիմի պահպանման և մարդկանց անվտանգությունն ապահովելու խնդիրը: Ուկրաինան, ինչպես նախկին ԵԱՀԿ նախագահող երկրները, հենց դա էլ անում է: Իսկ ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա պետք է անկեղծ ասել, որ կան ազդեցիկ խմբեր, որոնք ընդհանրապես հետաքրքրված չեն դրանում, քանի որ սառեցված հակամարտության ռեժիմն իրենց համար ոսկե ձվեր տվող հավ է: Ես իրավիճակը կանվաների հակամարտությունների կապիտալիզացիա, և այս հանգամանքը թույլ չի տալիս խնդրի հեշտ և արագ լուծում ակնկալել»: 

Tekali Taxi