2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Երևանյան լճի հերոսի պատմությունը ներկայացրեցին Մոսկվայում

Երեքշաբթի օրը Մոսկվայում ցուցադրել են մարդկայնության գնի և սխրագործության մասին «Լողորդ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը հետևել է ֆիլմի հերոսի և հեղինակների հետ հանդիպումը: Լողորդ Շավարշ Կարապետյանին հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով է դիմավորել, գրում է «Ռիա նովոստին»:

«Ռեժիսոր Սերգեյ Ռուսակովի ֆիլմի հիմքում ընկած է խորհրդային լողորդ Շավարշ Կարապետյանի կյանքի պատմությունը: Նա ունի բազմաթիվ մարզական նվաճումներ, սահմանել է մի քանի աշխարհի ռեկորդներ, և երեք իրապես մարդկային սխրագործություններ, որոնցից մեկը նրան արժեցել է իր փայլուն մարզական կարիերան, բայց չի կոտրել սերը կյանքի հանդեպ: Ավելին, նա բոլորին ապացուցել է, որ եթե դու ինչ-որ բան մյուսներից լավ ես անում, ապա դա անպայման պետք է կիրառվի: Ամբողջ երկիրը գիտեր նրա պատմությունը, որից հետո լողորդի կյանքն ու մարզական կարիերան բաժանվեց երկու շրջանների՝ «պատմությունից առաջ» և «պատմությունից հետո»,- նշում է Ռիա Նովոստի-ն:

Ֆիլմում և հանդիպման ժամանակ լողորդն իր մարզական նվաճումների մասին պատմել է այնպես՝ կարծես դա նրա համար նույնքան բնական է, որքան շնչելը: Անգամ նրա մարզիչ Լիպարիտ Ալմասակյանը կադրում խոսում է այն մասին, որ լողորդը մշտապես իր հետ վիճում էր և կարող էր մարզումների ժամանակ աշխարհի ռեկորդ սահմանել՝ միայն թե մարզումներից հնարավորինս շուտ դուրս գա:

Նրան փայլուն մարզական ապագա էր սպասում, սակայն ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ նա եղբոր՝ Կամոյի և մարզիչի հետ առավոտյան վազքի դուրս եկավ Երևանյան լճի շրջակայքում: Նրանք դարձան ողբերգության ականատես, երբ հարյուրավոր ուղևորներով տրոլեյբուսը ընկավ ջուրը: Կարապետյանը պատմել է, որ այդ պահին ինքն իր կամ հետևանքների մասին ընդհանրապես չի մտածել, այլ պարզապես եղբորը հանձնարարել է ջրի մակերեսից դուրս բերել նրանց, ում ինքը կհաներ խորքերից: Կարապետյանը, կոտրելով տրոլեյբուսի հետևի պատուհանը, սկսել է մեկը մյուսի հետևից դուրս բերել տուժածներին: Եղբայրներին և մարզիչին հաջողվել է փրկել 20 մարդու կյանք: Լողորդը ավելի շատ մարդկանց էր դուրս բերել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրանց բոլորին փրկել:

Մարզիչը ֆիլմում խոստովանել է, որ Հայաստանում միայն մի քանի լողորդ կարող էր մարդկանց այդպիսի խորությունից բարձրացնել, սակայն նրանք բոլորը մրցումների էին մասնակցում Հաննովերում: Կարապետյանին բազմաթիվ բյուրոկրատական բարդությունների պատճառով թույլ չէին տվել մեկնել մրցումների:

Երբ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը լողորդին հարցրեց, թե ինչ էր նա այդ պահին զգում, արդյոք չէր վախենում, Կարապետյանը պատասխանել է, որ միայն բարկացել էր, երբ թուլության և ուղեղի խավարման պատճառով ուղևորներից մեկի փոխարեն ջրից դուրս էր բերել տրոլեյբուսի նստատեղերից մեկը: «Անվախ մարդիկ չկան: Եթե դու պրոֆեսիոնալ ես, անում ես այն, ինչ պետք է անես, և վախը վերանում է: Ես միջազգային կարգի ջրասույզ եմ եղել՝ ամեն ինչի պատրաստ էի, անգամ 24-ժամյա աշխատանքի»,- նշել է լողորդը: 

Արդյունքում հենց լողորդին հոգնածությունից և ցրտահարությունից փրկելու կարիք կար: Մարզիկը 40 օր կոմայում էր: Կարապետյանի վիճակն ավելի էր բարդանում ցրտահարության, թոքաբորբի և արյան վարակի հետևանքով: Բոլորը համոզված էին, որ Կարապետյանը հիվանդանոցից դուրս կգա հաշմանդամի կարգավիճակում:

Կարապետյանն ինքը չցանկացավ վերադառնալ սպորտ: Երբ ֆիլմում հայտնվում էն հիվանդանոցից դուրս գալուց հետո նրա մարզումների կադրերը, մեկնաբանը խուսում է լողորդի մոտ առաջացած ջրի վախի մասին, այն մասին, որ մարմինը հրաժարվում է հնազանդվել, իսկ մի քանի րոպեից Կարապետյանի մոտ ջրում խուճապ է սկսվում, և նա սկսում է խեղդվել: Չնայած այս ամենին, հաջորդ մրցումներում Կարապետյանը ևս մեկ աշխարհի ռեկորդ է սահմանում՝ ապացուցելով որ իրական մարզիկի կամքի ուժը ոչինի չի կարող կոտրել: Սա վերջին նվաճումն էր նրա մարզական կարիերայում, քանի որ լողորդը ստիպված էր հրաժեշտ տալ մեծ սպորտին:

Հայաստանում Կարապետյանի հերոսության մասին գիտեին բոլորը, իսկ ահա ԽՍՀՄ-ում այդ մասին հայտնի դարձավ միայն վեց տարի անց: Նրա մասին անգամ ասում էին՝ «ջրում չի խեղդվում, կրակում չի այրվում», քանի որ ճակատագրի բերմամբ, հինգ տարի անց նա մեկ այլ ողբերգության վայրում առաջիններից մեկը հայտվեց: Կարապետյանը Երևանում Մարզահամերգային համալիրի հրդեհի վայրում առաջիններից էր:  Հանդիպման ժամանակ նա խոստովանել է, որ իր մոտ դեպքի վայրը հենց այդպես լքելու միտք անգամ չի առաջացել: Հրշեջներին օգնելիս՝ նա կրկին տուժել և երկար ժամանակ վերականգնվել է: 

Լուսանկարները՝ ՌԻԱ Նովոստի