Home / Հայաստան / «Հիմար չեմ, որ չհասկանամ». հարձակման ենթարկված լրագրողը դիմելու է Սեյրան Օհանյանին

«Հիմար չեմ, որ չհասկանամ». հարձակման ենթարկված լրագրողը դիմելու է Սեյրան Օհանյանին

Լրագրող Լուսինե Ղազարյանը, ով դիմում էր ներկայացրել ոստիկանություն ՝ պահանջելով Պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանին հեռացնել ՊՆ համակարգից ու զրկել նրա նմաններին դասակ կամ վաշտ ղեկավարելու իրավունքից, օրեր առաջ ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնից գրություն է ստացել, որում  նշված է, թե գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Henaran.am կայքի լրագրողը Epress.am-ի հետ զրույցում, սակայն, ասել է, որ շարունակելու է պնդել, որպեսզի իրականացվի նորմալ քննություն: Նա պատրաստվում է նամակով դիմել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու պահանջել, որ իրեն տեղեկացնեն այն ամենի մասին, ինչ կատարվում է գործի շրջանակներում:

«Համոզված չեմ, որ ինչ-որ բան է կատարվում, այլապես կիմանայի, մինչդեռ Մկրտչյանը ամենուր հայտարարում է, թե՝ «տեսաք, որ  ոչ մի բան էլ ինձ չկարացան անեն, ես իմ ձևով հարցը լուծեցի, էդպես էլ պետք է լիներ»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ դիմումը վերաբերում էր լրագրողի շենքի բակում տեղի ունեցած միջադեպին, երբ, աշխատանքից տուն վերադառնալով, նա ականատես է եղել 10-ամյա որդու՝ Արայիկի ու նրա հասակակից խաղընկերոջ՝ Մկրտչյանի որդի Էդիկի վիճաբանությանը: Մինչ Ղազարյանը փորձել է հաշտեցնել խաղընկերներին՝ Մկրտչյանը միջամտել է՝ որդուն ասելով՝ «քեզ չասեցի՞՝ գնա քարը վեկալ, տուր դրանց գլուխը ջարդի»:

Պարզաբանում ստանալու համար Մկրտչյանենց բնակարան այցելած լրագրողին սպան անձնական բնույթի վիրավորանքներ հասցնելուց բացի, փորձել է հարվածել՝ քաշքշոցի ընթացքում կապտեցնելով մատը, ինչից հետո  հարձակվել է որդու վրա ու, «դավայ էղար ըստուց» ասելով, հրել աստիճաններից:

«Ինձ շատ տարօրինակ թվաց, որ գործում նշված չէր այն, թե իմ պահանջը առաջին հերթին վերաբերում է նրան, որ զինվորական սպան կարող է ձեռքերով հրել դեռևս 10 տարեկանը չբոլորած երեխային ու  դրանում հանցակազմ չտեսնել: Ի՞նչ է նշանակում՝ «քարը վերցրու-տուր գլուխը ջարդի». տվյալ խոսքը հենց հանցակազմ է պարունակում», – ասել է Ղազարյանը:

Նա շեշտել է, թե բացատրության մեջ քննիչը արձանագրել է, որ սպան երեխայի թևերից հրել-գցել է գետնին, իսկ հանցակազմի բացակայության պատճառով  մերժված դիմումում այդ մասին նշված չի եղել:

«Նշված էր միայն, որ ես բացատրություն եմ տվել, որտեղ նշել եմ, թե այդ մարդը վիրավորել է ինձ, ու ես որպես վիրավորանք եմ ընկալել «քարը վերցրու, տուր գլուխը ջարդի» արտահայտությունը: Ես այնքան էլ հիմար չեմ, որ չհասկանամ, թե այս արտահայտությունը  հանցակազմ պարունակում է, թե ոչ: Մկրտչյանn իր խոսքերով հասակակիցների միջև կռիվ է հրահրում՝ նրանցից մեկին ուղղորդելով քարով գլուխ ջարդել, սակայն պարզվում է, որ դրանում հանցակազմ չկա, ուրեմն հետևություն եմ անում՝ եթե բանակում հրամանատարը ասի, որ մեկը մյուսին կրակի, սրանում էլ հանցակազմ կարող է չլինել: Ինչ տարբերություն՝ քարո՞վ կջարդեն գլուխը, թե՞ զենքով», – եզրափակել է լրագրողը:

Tekali Taxi