Home / Հայաստան / «Վիրտուալ դաստիարակներ» և 40 հոգանոց խմբեր. ծնողները բողոքում են մանկապարտեզներից

«Վիրտուալ դաստիարակներ» և 40 հոգանոց խմբեր. ծնողները բողոքում են մանկապարտեզներից

Երևանի մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը շարունակում է խնդիր մնալ: Որոշ դեպքերում խմբերում մինչև 38-40 երեխա է հաշվառված: Epress.am-ը զրուցել է երևանյան մանկապարտեզներից մեկը հաճախող 3-4 տարեկան երեխաների ծնողների հետ, ովքեր խոսել են իրենց հուզող խնդիրների մասին:

Ծնողներից մեկի խոսքով՝  39 հոգանոց խմբում ընդամենը 2 դաստիարակ կա, ովքեր, բնական է, չեն հասցնում զբաղվել երեխաներով: Վերջիններս էլ նաև այդ պատճառով դժկամությամբ են մանկապարտեզ հաճախում: Մեկ այլ ծնող նշել է, որ արդեն 2 տարի մանկապարտեզ հաճախող երեխաների խումբ միանգամից 10 նորեկ են բերել, ովքեր դեռևս չեն ընտելացել մանկապարտեզ հաճախելուն՝ լացում են, չեն քնում, ինչը նույնպես խանգարում է մնացած երեխաներին: Դաստիարակները ստիպված են ուշադրություն դարձնել առավել անհանգիստ երեխաներին, և դրա հետևանքով 40 հոգանոց խմբի մի մասը նվազագույն ուշադրության է արժանանում:

Գերծանրաբեռնված խմբերում անգամ նվազագույն կրթական պրոցեսի մասին խոսք գնալ չի կարող: Ծնողը նշել է, որ նման դեպքում հնարավոր է նոր խմբեր ձևավորել հենց նույն նորեկներից ու կասկած հայտնել, որ դա չի արվում, դաստիարակների գումարը խնայելու նպատակով: Մեկ այլ ծնող բողոքել է, թե, հնարավոր է, այդ գումարները դուրս են գրվում «վիրտուալ» գրանցված դաստիարակների վրա, այդ իսկ պատճառով խմբերը մեծացնում են:  

Կրթության և գիտության նախարարի որոշման համաձայն՝ մանկապարտեզների մինչև 3 տարեկանների խմբերում երեխաների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ 3-ից 6 տարեկան երեխանների խմբերում՝ 30-ը: 

Գերծանրաբեռնվածության խնդրի մասին վերջին տարիներին շատ է խոսվում, սակայն այն լուծում չի ստանում: Դեռևս անցյալ տարի՝ 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից նախադպրոցական կրթության ապահովման կենտրոններում անցկացրած ուսումնասիրությունների համաձյան, ի թիվս այլ նորմատիվների, խմբերում խտության վերոնշյալ չափը խախտված է եղել:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասել է, որ մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը ոլորտի մեծագույն խնդիրներից է և խոչընդոտում է նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը:

Ըստ նրա՝ գերծանրաբեռնվածության պատճառներից է ոչ միայն նոր մանկապարտեզների բացակայությունը, այլև գործող մանկապարտեզների ոչ նպատակային օգտագործումը:

Բախշյանը բերել է նման մանկապարտեզի երկու օրինակ: Երևանի թիվ 1 մանկապարտեզն արդեն երկու տարի է չի գործում այն հիմնավորմամբ, թե այն վերանորոգվում է:

«Սակայն ոչ մի բան չի կառուցվել, ես մտավախություն ունեմ, որ այն օգտագործվելու է այլ նպատակներով: Երկրորդը՝ Արցախի 14 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարեզն է, որը սեփականաշնորհվել է, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված է որպես մանկապարտեզ և, կարծեմ, սեփականատերը պետությանը վարձով հանձնում է մանկարապեզը ընտրությունների ժամանակ»,- ասել է Բախշյանը: 

Լուսանկարը՝ wvcomminities.org

Tekali Taxi