Home / Հայաստան / Փոքրիկ Հայաստանը, բացի Ռուսաստանից, այլընտրանք չունի, վստահ է փորձագետը

Փոքրիկ Հայաստանը, բացի Ռուսաստանից, այլընտրանք չունի, վստահ է փորձագետը

Ռուսաստանից Արբեջան զենքի մեծածավալ առաքման մեջ որևէ զարմանալի բան չկա. դա առաջին անգամ չի կատարվում, և հավանաբար` ոչ վերջին: «Սվոբոդա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

«Ռուսաստանը Ղարաբաղի հարցում չեզոք, հավասարակշռված դիրք է զբաղեցնում, այսինքն` չի պաշտպանում կողմերից և ոչ մեկին: Եվ ընդհանրապես, Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը: Միայն Հայաստանը կամ միայն Ադրբեջանը բավարար չեն»,- հայտարարել է Ֆելգենգաուերը:

Այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս փոքր երկիրն այլընտրանք չունի` ստիպված է դառնալ Ռուսաստանի դաշնակիցը, պնդել է փորձագետը` նշելով. «Իսկ էլ ո՞ւմ դաշնակիցը լինի` Ադրբեջանի՞, թե՞ Թուրքիայի»:

Իհարկե, Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, փորձում է համագործակցել Արևմուտքի հետ, զինծառայողներ է ուղարկում Իրաք և Աֆղանստան, բայց, մեծ հաշվով, Ռուսաստանից բացի այլընտրանք չունի, համոզված է Պավել Ֆելգենգաուերը:

«Հայերին պետք է անհանգստացնի, որ Ադրբեջանը ոչ միայն մեծ քանակությամբ զենք է ձեռք բերում, այլ նաև այն, որ այդ հարցում ունի որակական առաջընթաց: Պաշտոնական Բաքուն մեծ քանակությամբ զինամթերք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ուկրաինայից, Թուրքիայից, Իսրաելից: Ընդ որում՝ Իսրաելից Ադրբեջանը գնում է այնպիսի զենք, որ անգամ Ռուսաստանը չունի. այն չի արտադրվում Ռուսաստանում, այսինք` այսպիսի զենք չունի նաև Հայաստանը: Այլ հարց է` ե՞րբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորոշի, որ Ղարաբաղում պատերազմ սկսելու համար ունի բավականաչափ ուժեղ բանակ»,- ասել է փորձագետը:

Ռադիոկայանը նշում է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, առաջին անգամը չէ, որ նորագույն ռազմական տեխնիկա է վաճառում Ադրբեջանին, որը, փաստորեն, պատերազմական իրավիճակում է գտնվում Հայաստանի հետ: Ընդ որում, բոլոր նախկին դեպքերում էլ այդ տեղեկությունը նույն կերպ էր հայտնի դարձել` սկզբում այդ մասին գրում էին ռուսաստանյան աղբյուրները, այնուհետև այդ ռազմական տեխնիկան ցուցադրվում էր Բաքվում:

Ադրբեջանին 1 միլիարդ արժողությամբ ռազմական տեխնիկա մատակարելու մասին օրերս գրել էր մոսկովյան «Վեդոմոստի» թերթը` հղում կատարելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում և ռուսական ռազմաարդյունաբերական համալիրում իր աղբյուրներին: 

Tekali Taxi