Home / Հայաստան / Նախկին պատգամավորի կողմից խաբված բնակիչներին հորդորեն են «խելոք սպասել» բնակարաններին (ՎԻԴԵՈ)

Նախկին պատգամավորի կողմից խաբված բնակիչներին հորդորեն են «խելոք սպասել» բնակարաններին (ՎԻԴԵՈ)

«Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները պատրաստ են «տեռորիստ դառնալ», եթե կառավարությունը խոստացած ժամկետում չլուծի իրենց բնակարանների խնդիրները: Այս մասին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ զրույցում ասել են Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները, ովքեր հերթական բողոքի ակցիան են ացկացրել Կառավարության շենքի մոտ:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ 2006 թվականի հոկտեմբերից պայմանագրեր են կապել ընկերության հետ և գումարներ վճարել: Համաձայն պայմանագրի՝ «Տոնուսը» պետք է 2008 թվականին ավարտին հասցներ շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները: Նշենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:

«Մենք կանենք վերջին քայլը ու կգնանք՝ կնստենք: Մենք մեր կյանքից ձեռ ենք քաշել: Ոչ մի բանից չենք վախենում, մեզ կվառենք, կփշրենք, ամեն ինչ կանենք, ամոթ ա , չէ՞», – ասել է բնակարանատեր Էմմա Ղազարյանը, ինչին Ղազարյանն արձագանքել է՝ «չէ, չէ, սպասեք, տունը կստանաք, կգամ ձեզ հյուր»:

Ակցիայի մասնակիցները Epress.am-ին պատմել են, թե կառավարությունից խոստացել են առանց հետաձգելու լուծել իրենց բնակարանների խնդիրները:

«Մեզ ասել են՝ շատ խելոք եղեք, դուք ձեր բնակարանները անպայման կստանաք, ոչ մի հետաձգում, խաբել չկա, մենք էլ հավատում ենք ու մեծ հույսերով սպասում», -ասել է Ղազարյանը:

Խաբված բնակարանատեր Ռուզաննա Սարգսյանը, ով կառավարության մոտ էր եկել 2 անչափահաս դուստրերի հետ, մեր թղթակցին ասել է, թե կհավատա միայն այն դեպքում, երբ իր գնածը իրեն վերադարձնեն:

«Ես չեմ հավատում, 6 ամիս ա խաբում են, ամեն երկուշաբթի ասում են՝ գնացեք, մյուս երկուշաբթի եկեք: Չունեմ հավատ, ամեն շաբաթ գալիս-հավատում-գնում եմ, բայց ես իմ կարծիքն ունեմ», – ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Ղազարյանը ակցիայի մասնակիցներին հորդորել է  հնարավորինս շուտ ներկայացնել փաստաթղթերը, քանի որ «կառավարությունը բնակիչներից առավել շահագրգռված է լուծում տալ  խնդրին»:

Tekali Taxi