2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Այլընտրանքային ծառայության մասին օրենքը փոխվեց. Եհովայի վկաները գոհ են

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներն ուրախ են, որ կարող ենք օգտվել օրենքով ամրագրված այլընտրանքային ծառայությունից: Նրանք պնդում են, որ ամեն ինչ օրենքով են անում ու չեն մասնակցում մեքենայությունների:

Եհովայի վկաների նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը չկատարելու համար այլևս ոչ մի պատժամիջոց չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Վերջինս դժգոհ է 2003թ. ընդվունված ալընտրանքային ծառայության մասին օրենքում կատարած փոփոխությունից:

Ամարյանն ասել է, որ մայիսի 18-ին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո կրոնական շարժառիթներով բանակում չծառայելու համար դատապարտվածների դատվածությունը հանվում է, իսկ քրեական գործերը կարճվում են: Ըստ բանախոսի՝ նման պահանջը «արտասահմանի կողմից» է եղել, ինչը Հայաստանում անխոս ընդունվել է:

Բանախոսը նշել է, որ այժմ ցանկացած մարդ կարող է անդամագրվել որևէ կրոնական կազմակերպության, որոշակի գումարի դիմաց ստանալ տվյալ կազմակերպության կողմից հավաստագիր, ըստ որի ինքը չի ցանկանում ծառայել բանակում՝ կրոնական դրդապատճառներից ելնելով: Ամարյանի կարծիքով՝ այդ դեպքում արդեն տվյալ անհատը կախվածության մեջ է կրոնական կազմակերպությունից մինչև բանակային տարիքը լրանալը՝ 27 տարեկան:

Նշենք, որ այն անձինք, ովքեր կրոնական գաղափարներից դրդված չեն ցանկանում զինվորական ծառայության դիմել, ոչ թե ազատվում են բանակից, այլ պարտավոր են այլընտրանքային ծառայություն անցնել:

Ամարյանի խոսքով՝  այսօրվա դրությամբ այլընտրանքային ծառայությունը եհովականներն են ընտրում, իսկ քանի որ օրենքը նոր է, ուստի ինքը դժվարացել է ասել, թե նրանք ինչ կնախընտրեն:

Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կազմակերպության իրավաբանական բաժնի պատասխանատու Արթուր Իսպիրյանն անհիմն է համարել այն պնդումը, թե բանակից խուսափելու համար երիտասարդը կարող է անդամագրվել իրենց կրոնական կազմակերպությանը ու դրա համար ստանալ համապատասխան փաստաթուղթ:

«Ըստ ԱԺ-ի ընդունած օրենքի՝ պետք է 6 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողով ստեղծվի և նիստ հրավիրվի՝ պարզելու, թե տվյալ անձը զինծառայությունից հրաժարվելու համար իսկապես ունի՞ համոզմունքներ, թե ոչ: Այսինքն՝ տվյալ անհատը պետք է դիմում ներկայացնի, որ ցանկանում է այլըտրանքային ծառայության անցնել՝ լինի այլընտրանքայիին զինվորական, թե աշխատանքային, ու երբ անհատը դիմում է ներկայացնում, նաև պետք է հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու է հրաժարվում ծառայությունից», - ասել է Իսպիրյանը:

Թե ինպես է հանձնաժողովը որոշում տվյալ անձի համոզմունքները, մեր զրուցակցի խոսքով, պարզվում է նիստի ժամանակ:

Իրավաբանը նշել է, որ անձամբ չի ճանաչում հանձնաժողովի անդամներին, քանի որ որոշ հարցեր կառավարությունը դեռ պետք է որոշի՝ «նախադեպը չունենք, որ ավելի կոնկրետ ասեմ, հանձնաժողովը վերջնական կսկսի գործել աշնանային զորակոչին»:

«Նոր օրենքի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը լինելու է այն պետական մարմնի իրավասության տակ, որը կորոշի կառավարությունը: Տվյալ պահին օրենքով հստակ սահմանված չէ, թե որ կազմակերպությունը կամ նախարարությունը կվերահսկի աշխատանքային ծառայությունը, սակայն օրենքը հստակեցրել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը չի կարող վերահսկվել զինվորական մարմինների կողմից», - ասել է Իսպիրյանը:

Նա նշել է, որ այլընտրանքային ծառայությունը միջազգայնորեն ընդունված ծառայություն է. եթե անհատը ունի կրոնական համոզմունքներ և չի կարող որևէ ձևով մասնակցել զինվորական ծառայությանը, ըստ ՀՀ Սահմանադրության, պետությունը տրամադրում է այլընտրանք:

«Այսինքն աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, հիվանդանոցներ, մի խոսքով՝ ինչ կորոշի պետությունը: Ի դեպ՝աշխատանքային ծառայությունը զինվորականից մեկ տարի ավել է», - ասել է մեր զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ իրենց կազմակերպության անդամներից ոչ ոք այլընտրանքային ծառայության չի գնացել, ուստի ինքը դժվարանում է ասել, թե որ աշխատանքին են ավելի շատ նախապատվություն տալիս:

«Եհովայի վկաները միշտ ձգտում են պաշտպանել սահամանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները իրենց երկրում, այսինքն՝ օրենքի սահմանների դուրս ոչինչ չեն անում: Այսօրվա դրությամբ Եհովայի վկաները ուրախ են, որ կարող են օգտվել այդ իրավունքից»,- եզրափակել է Իսպիրյանը: