Home / Հայաստան / Վրաստանի նախագահը դեմ է վարչապետի «հապճեպ որոշմանը»

Վրաստանի նախագահը դեմ է վարչապետի «հապճեպ որոշմանը»

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հեռացման մասին հայտարարությունը վաղաժամկետ է անվանել: «Սա չմտածված և հապճեպ հայտարարություն է, որի հետևում, բնականաբար, կան որոշակի խնդիրներ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նա կարծում է, որ նման հապճեպ որոշումը վարչապետը հնչեցրել է այն պատճառով, որ Վրաստանում «վերջին ամիսներին ամեն ինչ չէ, որ ըստ ծրագրավորածի է ընթացել: Երկրում շատ խնդիրներ կան, տնտեսությունը տենդի մեջ է, ուժեղացել են պետության դեմ ագրեսիվ գործողությունները, կան մի շարք այլ խնդիրներ, և այս ամենը առաջացնում է բնակչության դժգոհությունը, իսկ խոստումները չեն իրականացվում»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Սաակաշվիլին հայտարարել է, որ պետությունը «մանկապարտեզ չէ», և հարկավոր է «լուրջ վերաբերվել» երկրի ճակատագրին: «Պետությունը քաղաքացիների շահերն են, նրանց սպասումները, դա երկարաժամկետ զարգացում է, հեռանկարներ. այն ամենն է, ինչը կապված է մեր քաղաքացիների ամենօրյա կյանքի հետ, և այսպիսի հայտարարությունները մեր պետության կայունությանը չեն ծառայում»,- հայտարարել է նա:

Անցած տարի աշնանը խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո կուսակցության առաջնորդ Իվանիշվիլին հայտարարել էր, որ քաղաքականություն է եկել առավելագույնը երկու տարով: Այնուամենայնիվ, ավելի ուշ նա մտափոխվել է ու հայտարարել, որ իշխանությունում կաշխատի այնքան, ինչքան որ պետք լինի Վրաստանի ժողովրդին:

Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականին: Նախնական հարցումների համաձայն՝ ֆավորիտ է համարվում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն՝ ներկայիս փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին:

Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին էստոնական Postimees հրատարակությանն ասել էր, որ քաղաքականությունը կլքի Միխեիլ Սաակաշվիլիի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց «բառացիորեն մի քանի օր անց»: Սակայն թբիլիսյան «Խրոնիկա» հրատարակությունը, հղում կատարելով հետկուլիսյան իր աղբյուրներին, այսօր գրել է, որ վարչապետը ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքականությունից դուրս կգա միայն «Սաակաշվիլիին ձերբակալելուց և երկիրը կարգի հրավիրելուց հետո»:

«Ըստ հետկուլիսյան տեղեկատվության՝ Իվանիշվիլին ԱՄՆ-ի դեսպանին ասել է, որ իր իշխանությունը կձերբակալի Սաակաշվիլիին: Զարմացած դեսպանը Իվանիշվիլիին ասել է՝ «Դուք դա չեք անի», ինչին վարչապետը պատասխանել է՝ «Ես Ձեզ ցույց կտամ, թե ինչպես կբռնեմ Միխեիլ Սաակաշվիլիին, և միայն այն բանից հետո, երբ կարգի հրավիրեմ երկիրը, հանգիստ կհեռանամ քաղաքականությունից»,- գրում է թերթը: 

Tekali Taxi