2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Վրացիները կմեռնեն նախանձից, հայերը՝ հաճույքից, ողջ տարածքը կմնա ադրբեջանցիներին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը ներկայումս համեմված է սառը պատերազմի մի քանի տարրերով, իսկ ավելի կոնկրետ տիեզերական մրցավազքով, Eurasianet.org-ում գրում է Գեորգի Լոմսաձեն.

«Ընթերցողները հիշում են, որ այս տարի Ադրբեջանին հաջողվել էր արբանյակ ուղարկել ուղեծիր: Հետ չմնալու համար, Հայաստանը ներկայումս ուսումնասիրում է իր սեփական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրերը:

Հայաստանի տիեզերական հավակնությունների մոտավոր արժեքը՝ 250 միլիոն դոլար, պետք է զարմանք առաջացնի՝ հաշվի առնելով, որ երկրում ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 19 միլիարդ դոլար, իսկ դա արդեն իրենից ներկայացնում է 4 միլիարդ 370 միլիոն դոլար սուվերեն պարտք: Բայց նախաձեռնության տնտեսական նպատակահարմարությունը, հնարավոր է, Երևանում ամենակարևոր գործոնը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս գտնվում է փակուղում, հայ առաջնորդները չեն ուզում ադրբեջանցի գործընկերներին առիթ տալ մտածել, թե իրենք պատրաստ չեն ընկնել սպառազինության ամեն տեսակի մրցավազքի հետևից:

Ադրբեջանն իր արբանյակային ծրագիրն ապահովելու համար օգտագործել է իր նավթագազային հարստությունները: Հեռահաղորդակցման ոլորտի հայաստանցի պաշտոնյաները ասում են, որ իրենք արբանյակի համար միջոցներ կստանան անհատ ներդրողների կողմից: Հաջողության հասնելու համար երկիրը կարող է օգտագործել իր գլխավոր բնական ռեսուրսներն ու հայկական սփյուռքը: Արտասահմանում գտնվող հայերի գումարային փոխանցումները Հայաստանի ազգային եկամտի զգալի մասն են կազմում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը՝ Հայաստանի հիմնական տարածաշրջանային դաշնակիցն ու տիեզերական հետախուզության ծանրքաշայինը, կարող է գումար հատկացնել այս նախաձեռնության իրականացման համար և օգնել արբանյակի արտադրման հարցում:

Հայաստանցի պաշտոնյաները ստեղծել են ArmCosmos անվանումն ստացած տիեզերական գործակալությունը և բանակցություններ են վարում Հեռահաղորդակցության միջազգային միության հետ, որպեսզի ճանապարհ հարթեն  իրենց հեռանկարային մեկնարկի համար:

Այս մրցակցությունը Կովկասի մասին հին անեկդոտ է հիշեցնում, որում հայ երիտասարդը իր պապին հարցնում է՝ ինչու հայերը մարդ չեն ուղարկել տիեզերք: Ծերունին պատասխանում է. «Եթե հայերը տիեզերագնաց ուղարկեին տիեզերք, վրացիները կմեռնեին նախանձից: Եթե վրացիները մեռնեն նախանձից, հայերը կմեռնեն հաճույքից: Եվ եթե վրացիներն ու հայերը մեռնեն, ապա ամբողջ տարածքը կմնա ադրբեջանցիներին»: