Home / Հայաստան / Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը «Մոսկվայի բիզնեսն է», պնդում է ՀԱՊԿ քարտուղարը

Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը «Մոսկվայի բիզնեսն է», պնդում է ՀԱՊԿ քարտուղարը

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը «ընդամենը բիզնես է» և դա «Մոսկվայի բիզնեսն է»: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին երեկ Երևանում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Վերջինս Հայաստանի մայրաքաղաքում մասնակցում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջազգային համաժողովին:

«Ռուսաստանի Դաշնությունը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախեւառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարեւան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Նրա կարծիքով` ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում խախտված չէ. «Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամներից է և իր դաշնակիցներից օգնություն ստանալու իրավունք ունի` սեփական անվտանգությունն ապահովելու համար»:

Բորդյուժան հավելել է, թե Ռուսաստանը մշտապես քայլեր է ձեռնարկում՝ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

«Սկսենք նրանից, որ Ռուսաստանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել [տարածաշրջանում] ուժերի հավասարակշռության պահպանման ուղղությամբ. Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմական բազան, որը կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը: Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հայ սահմանապահների հետ պահպանում են նաեւ ռուս սահմանապահները: Սա էական ներդրում է Հայաստանի անվտանգության բարձրացման գործում»:

Հարցին անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, դա մեզ չմտահոգել չի կարող: Բայց գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը մենք կարողանանք պահպանել` ոչ միայն քանակական, այլ նաև որակական առավելությունների շնորհիվ: Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ մենք շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք, և այդ փաստաթուղթը հնարավորություն է տալու, որպեսզի մենք ավելի բարձր մակարդակի` միջպետական մակարդակի վրա դնենք մեր ռազմատեխնիկական համագործակցությունը: Այնպես որ, իրավիճակը վերահսկելի է»:

Tekali Taxi