Home / Հայաստան / Վարչապետն իր անվան հետ կապված լուրերը քաղաքական սպեկուլյացիա է անվանել

Վարչապետն իր անվան հետ կապված լուրերը քաղաքական սպեկուլյացիա է անվանել

«Նաիրիտ» գործարանի հետ կապված բոլոր ծրագրերը հիմք ունեն՝ դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ պատասխանելով «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված մամուլի հրապարակումներին:

«Բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր գործարքների վերաբերյալ, ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Հերթական անգամ անդրադառնալով իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալին՝ Սարգսյանը դա նույնպես քաղաքական սպեկուլյացիա է անվանել։

«Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի խնդրով պարզաբանումներ էին ներկայացրել նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը

Tekali Taxi