Home / Հայաստան / Արմեն Դուլյանը՝ «Կենտրոնում». գրաքննության հարցը ղեկավարության հետ չի քննարկել

Արմեն Դուլյանը՝ «Կենտրոնում». գրաքննության հարցը ղեկավարության հետ չի քննարկել

Ֆեյսբուքյան գրառման պատճառով «Շանթ» հեռուստաընկերությունից ազատված հաղորդավար Արմեն Դուլյանը տեղափոխվել է «Կենտրոն», որտեղ նա վարելու է իր հեղինակային հաղորդաշարը: 

Հեռուստալրագրող Արմեն Դուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում  հուլիսի 1-ից կսկսի «Անցում Դուլյանի հետ» հաղորդաշարը, որն այսուհետ եթեր կհեռարձակվի  ամեն աշխատանքային օր:

Epress.am-ի հետ զրույցում Արմեն Դուլյանն ասել է, որ հաղորդման շրջանակներում փորձելու է անդրադառնալ հասարակությանը հուզող խնդիրներին և դրանց մեկնաբանություններ անել: Մեր այն հարցին, թե ֆեյսբուքյան գրառման հետ կապված պատմությունից հետո արդյոք «Կենտրոնի» ղեկավարության հետ քննարկվել է գրաքննության հարցը, Դուլյանը պատասխանել է, որ այդ մասին չի խոսվել, սակայն իր մոտեցման հարցում ոչինչ չի փոխվել:

«Ես իմ սովորությունները չեմ փոխում: Արտահայտվելու եմ, ինչպես նախկինում անում էի»,- ասել է լրագրողը:

Ինչ վերաբերում է քննադատության պատճառով աշխատանքից ազատվելու հավանականությանը, ապա, Արմեն Դուլյանի խոսքով, իր հետ պատահածը ցույց տվեց, որ ոչ ոք երաշխիքներ չունի:

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու համար պատճառ էր հանդիսացել «Ֆեյսբուքում» արած իր հետևյալ գրառումը. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

Իր հեռացվելուց հետո լրագրողը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում վերահսկվում են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում նաև «Շանթը»:

Դուլյանի խոսքով՝ ինքը բոլորովին չի հասկացել, թե ինչու է հեռուստատեսության ղեկավարը, որին ինքը շատ մեծ հարգանքով է վերաբերվում, այդ ամենն իր վրա վերցրել, մինչդեռ ինքը նկատի է ունեցել հեռուստապատասխանատուներին, այսինքն՝ չինոնվիկներին, նախագահի մերձավոր շրջապատին:

Դուլյանի մի շարք գործընկերներ դատապարտել էին «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ նման քայլի դիմելու համար՝ մասնավորապես, նշելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել նրան, որ «մոդա դառնան կարծիք չունեցող լրագրողները»:

Նշենք, որ Արմեն Դուլյանը երկար տարիներ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում, 2008 թվականից «25 րոպե» հաղորդաշարն է վարել վարել Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), ապա տեղափոխվել է «Շանթ», որտեղ աշխատել է «Հորիզոն» լրատվականում:

Լուսանկարը՝ Shanttv.com

Tekali Taxi