Home / Հայաստան / Ավշարում ավազակային հարձակման ժամանակ վիրավորվել է 22-ամյա երիտասարդ

Ավշարում ավազակային հարձակման ժամանակ վիրավորվել է 22-ամյա երիտասարդ

Հունիսի 30-ին, ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան ու զենքի գործադրման հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ավազակային հարձակման ժամանակ կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 22-ամյա Տարոն Պ.-ն:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նույն օրը ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկվել 24-ամյա, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 48-ամյա, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն:

Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:

Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները:

Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi