Home / Հայաստան / Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել են ապօրինի 3 միլիոն դոլար ստանալու մեջ

Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել են ապօրինի 3 միլիոն դոլար ստանալու մեջ

Վրաստանի պետական աուդիտի ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2012 թվականին ավելի քան 5,2 միլիոն լարիի (շուրջ 3,2 միլիոն դոլար) չափով ապօրինի նվիրատվություն է ստացել:

«Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման ծառայությունը, դատախազությունից ստացված տվյալների հիման վրա, պարզել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, օրենքը շրջանցելով, օգտագործել է աշխատանքի տեղավորման ծրագրի համար հատկացված բյուջետային միջոցները՝ ստանալով ապօրինի նվիրատվություն 5 240 880 լարի (մոտ 3 176 290 դոլար) չափով»,- գործակալությանն է մեջբերում News Georgia-ն:

Մասնավորապես, ծառայության տվյալներով`  ապօրինի նվիրատվություն ստանալու սխեման հետևյալն էր. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հանրային ծառայության գործակալությունը, Վրաստանում 2012 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին անցկացվող աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում, մեկ ամիս ժամկետով՝ սեպտեմբերի 1-ից 30-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին նախընտրական քարոզարշավ իրականացնող 21,827 քաղաքացիների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս մարդիկ առձեռն ստացել են 260 լարի (շուրջ 160 դոլար): Ինչպես նաև պարզվել է, որ «անկախ աշխատողների» ցուցակները կազմվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դաշնակից տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կուսակցական ակտիվիստների կողմից, ում «անգամ չեն տեղեկացրել աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացների մասին»:

«Սա նշանակում է, որ մի շարք պետական վարչություններ անտեսել են ծրագրի նպատակները և բյուջետային միջոցներն ուղղել «Միացյալ ազգային շարժման» օգտին: Արդյունքում կուսակցությունը Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ապօրինի նվիրատվություն է ստացել»,- նշվում է հայտարարության մեջ: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանում: 

Tekali Taxi