Home / Հայաստան / Ստամբուլում ոստիկանների և ակտիվիստների բախումից հետո 80 մարդ բերման է ենթարկվել

Ստամբուլում ոստիկանների և ակտիվիստների բախումից հետո 80 մարդ բերման է ենթարկվել

Թուրքիայում վերսկսվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ցուցարարները փորձել են մտնել Գեզի այգի՝ արհամարհելով դրա փակման մասին հերթական ցուցումը: Ոստիկանները Թաքսիմ հրապարակի ուղղությամբ շարժվող մի քանի հազար ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել

Արդյունքում բերման է ենթարկվել 80 մարդ: Առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի այգին հանրությանը հասանելի է եղել ընդամենը մի քանի ժամ: Ոստիկանության որոշմամբ այգին շուտով կրկին փակվել է՝ ծրագրված բողոքի ակցիայի պատճառով: Ակցիան, որը կազմակերպվել էր «Համերաշխություն Թաքսիմին» խմբի կողմից, ուղղված էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ: Բողոքի ցույցին պետք է մասնակցեին նաև քաղաքական կուսակցություններ և ոչ կառավարական կազմակերպություններ:

Ցուցարարներին ցրելուց հետո՝ կեսգիշերին մոտ, այգին վերաբացվել է, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, ցուցարարների և ոստիկաններ բախումները շարունակվել են այգու հարակից փողոցներում:

Թուրքիայում հակակառավարական ցույցերը սկսվել են 2013 թվականի մայիսի 31-ին: Զանգվածային ակցիաները սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանները, անհամաչափ ուժ գործադրելով, ցրել են Գեզի այգին քանդելու դեմ կազմակերկված ցույցերը: Շուտով բողոքի ակցիան քաղաքական երանգ է ստացել, երբ երիտասարդները սկսել են բողոքել երկրի իսլամացման դեմ: Զանգվածային անկարգությունների արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 5 հազար մարդ: 

Tekali Taxi