Home / Հայաստան / Զինվորի մայրը փնտրում է որդու մահվան մասին տեղյակ ոստիկանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինվորի մայրը փնտրում է որդու մահվան մասին տեղյակ ոստիկանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը ոստիկանի է փնտրում, ով անցյալ տարի իրեն ասել է, որ որդին ոչ թե հիվանդությունից է մահացել, այլ նրան սպանել են:

2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Epress.am-ի միջոցով դիմում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել իր որդու հետ նույն զորամասում ծառայած ու սպանության մանրամասներին տեղյակ ոստիկանի հետ, ում անունը թեև չգիտի, սակայն ունի վերջինիս լուսանկարը:

Մեր թղթակցի հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ, այնուամենայնիվ, ինքը կասկածում է, որ ոստիկանապետը կաջակցի իրեն՝ վկային արագ գտնելու ու որդու սպանությունը բացահայտելու մասով:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ում անունները մինչ օրս տվել է և որոնք կարող են լույս սփռել իր որդու սպանության գործի վրա, ասպարեզից դուրս են մղվել կամ հրաժարվել են խոսել: Նա որպես օրինակ նշել է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի և երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի անունները: Նշենք, որ Արթուր Ղազարյանի ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, որի համաձայն Արթուրի գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Իրինա Ղազարյանը նշում է, որ համաձայն է Շուշան Պետրոսյանի հետ այն մասով, որ Հադրութի զորամասում այդ օրը զինվորներ են սպանվել, սակայն Շուշան Պետրոսյանը նշել էր, որ զինվորներին սպանել են հակառակորդները, մինչդեռ Ղազարյանի պնդմամբ՝ իր որդուն սպանել է հրամանատարը

Ամեն շաբաթ կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող Ղազարյանը պատմել է, որ անցյալ տարվա աշնանը՝ հերթական ակցիայի ժամանակ, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը, ում անունը մինչ օրս պարզել չի հաջողվել, մոտեցել է իր ամուսնուն ու հայտնել, որ ինքը ճանաչել է Արթուր Ղազարյանին ու նրա մահվան մասին որոշ բաներ գիտի:

«Ասում է՝ «հոպար, քո տղային սպանել են բանակում, ինքը հիվանդ չի եղել, ինչպես ներկայացնում են», – ասել է Ղազարյանը:

Ոստիկանի լուսանկարը

«Ամուսինս ոստիկանին ասում է՝ էնպես մի նայի ինձ, որ ինչ-որ մեկը կողքից մի բան կասկածի, ու ոստիկանից հարցնում է նրա հեռախոսի համարը, սակայն վերջինս հրաժարվում է տալ: Նա վերցնում է ամուսնուս համարը ու ասում՝ ես քեզ կզանգեմ ու ամեն ինչ կասեմ, բայց անցնում ա մի քանի ամիս, ոստիկանը չի զանգում»,- պատմել է մեր զրուցակիցը:

Ղազարյանը նշել է, որ  դրանից հետո ամեն հինգշաբթի կառավարության մոտ ինքը փնտրել է նույն ոստիկանին, սակայն երկար ժամանակ չի հանդիպել:

«Մի օր էլ՝ պատահական գլուխս թեքում եմ ու տեսնում նույն ոստիկանին, ով Արթուրի սպանության օրը եղել ա դիրքերում ու տեսել ա՝ ոնց են նրան սպանում: Որպես դաժանաբար սպանվածի մայր, մոտեցա ու վրա տվեցի իրեն: Ասացի՝ որ դու իրա ընկերն ես եղել, ինչի՞ չես ասում, որ բոլորն իմանան՝ ո՞նց են իմ տղային սպանել: Հարցրի՝ ասա, դու ո՞ւմ տղան ես, ո՞վ ա քո պապան, ծախեցի՞ր, նո՞ր եկար ստեղ ոստիկան կանգնեցիր, ո՞ր օրենքով եկար, ո՞նց բերեցին քեզ ու միանգամից ոստիկանի պաշտոն տվեցին», -պատմել է Իրինա Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ աղմուկի ընթացքում ոստիկանին արագ հեռացրել են կառավարության շենքի մոտից ու ինքը այլևս նրան չի տեսել:

«Արդեն 6-7 ամիս է անցել, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպում, ունեմ միայն նկարը, որը ակցիայի ժամանակ եմ հասցրել նկարել: Եթե ինչ-որ մեկը ճանաչում է, խնդրում եմ՝ թող արձագանքի»,- եզրափակել է Ղազարյանը:

Tekali Taxi