Home / Հայաստան / Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց ոչ հիմա, վստահեցրել է նախարարը

Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց ոչ հիմա, վստահեցրել է նախարարը

Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունն աշխատում է այնպես անել, որ «ժողովուրդը չտուժի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ այս պահին թանկացում չի լինի, իսկ հետագայում այն նվազագույնի է հասցվելու:

Բեգլարյանը դժվարացել է ասել, թե որքան է թանկանալու ուղեվարձը՝ նշելով, որ այժմ խնդրի շուրջ աշխատում է ստեղծված հանձնաժողովը, որն էլ վերջնական որոշում կկայացնի: 

Նրա խոսքով՝ տարբեր երթուղիների համար տարբեր գներ են սահմանվելու:

«Միանման թանկացում բոլորի վրա չի տարածվի», – ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ որոշ դեպքերում ուղեվարձի թանկացում չի լինի, իսկ այն դեպքերում, երբ ուղեվարձը քիչ էր հաշվարկված, թանկացումը կարող է ավելի էական լինել:

Բեգլարյանի խոսքով՝ հանձնաժողովի որոշումը ուժ չի ունենա և թանկացում չի լինի միայն այն դեպքում, եթե դիմող չլինի: Նախարարն ասել է, որ իրենք հայտարարելու են մրցույթ, և գինը ներկայացնելու է մրցույթով անցնող կազմակերպությունը: Կազմակերպության սեփականատերը պետք է թանկացման համար հիմնավոր փաստարկներ ներկայացնի: Եթե հանձնաժողովը կարողանա այլ փաստարկներով գինն իջեցնել, այդ կերպ էլ կհաստատվի:

Բեգլարյանի խոսքով՝ այս պահին ոչ ոք իրավունք չունի նոր գներ սահմանել:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գազի թանկացումից հետո հանրային տրանսպորտի վարձերը չթանկացնեն կամ Տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջացած խնդիրներին այլ լուծում չտրվի, Հայաստանում գործող 60-65 փոխադրող կազմակերպություններ կլուծարվեն:

Tekali Taxi