Home / Հայաստան / Մեղրաձորի ջրվեժից ՀԷԿ-ի պատճառով բարակ առու է մնացել. բնապահպաններն ահազանգում են

Մեղրաձորի ջրվեժից ՀԷԿ-ի պատճառով բարակ առու է մնացել. բնապահպաններն ահազանգում են

Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժից մի բարակ առու է մնացել: Այս մասին ահազանգում են Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ներկայացուցիչները: Նրանք նշում են, որ այդ փաստը բացահայտել են մի խումբ հեծանվորդներ, ովքեր 2013 թ. հունիսի 23-ին եղել են Մեղրաձորում: Ջրվեժի ցամաքելու պատճառը պարզելու համար նրանք բարձրացել են գետի վերին հոսանքները և տեսել, որ այնտեղ փոքր ՀԷԿ է կառուցված:

Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են եղել, որ ՀԷԿ-ը կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը և «մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին և բնությանը»:

ՀԲՃ-ն նաև տեսանյութ է ներկայացրել.

Բնապահպանները նշում են, որ նման աղետալի վիճակի հերթական դեպքն է գրանցվում, ինչը շահագործողների անկշտության և բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է:

«Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը:

Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը` հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ», – ասված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութը և լուսանկարները` Սամվել Հովհաննիսյանի

Tekali Taxi