Home / Հայաստան / «Քլիքտիվիզմից ակտիվիզմի չեն անցնում». Ինչն է միավորում Երևանը, Թբիլիսին և Ստամբուլը

«Քլիքտիվիզմից ակտիվիզմի չեն անցնում». Ինչն է միավորում Երևանը, Թբիլիսին և Ստամբուլը

Հանրային տարածքների համար պայքարը զարմանալիորեն միանման զարգացում է ստացել Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում: Երեք դեպքերում էլ պայքարը սկսվել է քաղաքային այգիները սեփականաշնորհումից փրկելու նախաձեռնություններից, հետագայում վերածվել քաղաքական մշակույթի պահպանման պայքարի:

Այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Երևանի Մաշտոցի պուրակի, Թբիլիսիի Գուդիաշվիլիի հրապարակի և Ստամբուլի Գեզի այգու պաշտապանության ակցիաներին նվիրված քննարկում է անցկացվել:  

Երեք քաղաքների ակտիվիստների ելույթներից դատելով՝ բոլոր դեպքերում էլ շարժումը ոչ միայն միանման որակական զարգացում է ապրել, այլև նույն կարծրատիպերին է բախվել՝ օրինակ  քաղաքականացվելուց խուսափելը կարևորվել է ատիվիստներից շատերի կողմից: Այդ պայքարի ընթացքում նաև նույն գործիքներն են օգտագործվել, օրինակ՝ եթե Մաշտոցի պուրակում քաղաքացիները կազմակերպել էին օլիգարխի թաղումը, ապա Վրաստանում  բիզնեսի շահերը ներկայացնող ԶԼՄ-ների թաղումը:   

Լսելով հայաստանցի ակտիվիստներ Վահրամ Սողոմոնյանի և Համլետ Մելքումյանի ներկայացրած Մաշտոցի պուրակի պայքարի համառոտ պատմությունը՝ Վրաստանից ժամանած Թամար Գուրչիանին զարմանք է հայտնել առ այն, թե որքան նման են նաև քաղաքացիական ակտիվիստների մտահոգություններն ու վախերը: Մասնավորապես, Գուրչիանին ընդգծել է, որ Վրաստանում ևս ակտիվիստները  վախենում էին, որ իրենց շարժումը կօգտագործվի որոշ քաղաքական ուժերի կողմից: 

Ըստ նրա՝ վրացի երիտասարդները ևս ավելի ակտիվ են սոցիալական ցանցերում, ավելի հակված են երկար խոսելու, քննարկելու վիրտուալ հարթակներում, քան հասարակական միջոցառումներ կազմակերպելու, և այդ միջոցառումներին զգալիորեն ավելի քիչ մարդ է մասնակցում, քան սոցցանցերի ակտիվիստներն են: Բանախոսի բնորոշմամբ՝ սա «քլիքտիվիզմից ակտիվիզմի անցնելու» խնդիր է: Մեր երկու պետությունների համար էլ խնդիր է ամերիկյան Occupy շարժման հետ նույնացվելը:

Քանի որ ակտիվիսների մի մասը դեմ էին ծայրահեղ սոցիալիստական մոտեցմանը և կարծում էին, որ սեփականության իրավունքը պետք է հարգվի՝ նշելով, որ պարզապես պետք է նման որոշումները կայացվեն հանրային քննարկումների արդյունքում, այսինքն՝ օրենքի սահմաններում: Քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել նաև քննարկման մասնակից Իզաբելլա Սարգսյանը: Ըստ նրա՝ քանի որ Հայաստանում չկա սոցիալիստական ուժեղ կուսակցություն կամ սոցիալիստական հայացքներ ունեցող մարդիկ քիչ են, ճիշտ կլիներ Հայաստանում էլ պայքարը լիբերալ գաղափարախոսությամբ տանել, այսինքն՝ օրենքի պահպանման համար պայքարել:

Թբիլիսյան և Երևանյան քաղաքացիական շարժումների տարբերությունը, ըստ Գուրչիանիի, այն է, որ Հայաստանում կին ակտիվիստները գրեթե չէին զիջում տղամարդկանց թե՛ իրենց թվով, թե՛ նպատակադրվածությամբ, մինչդեռ  Վրաստանում կանայք պասիվ էին: 

Ստամբուլցի սցենարիստ Զեյնեփ Գյուզելի խոսքով՝ նշված առանձնահատկություններից շատերը կարելի է ասել նաև Գեզի այգու դեպքում: Սակայն այդ պայքարը իրենք ատիվիստները համեմատում են ինչպես Occupy շարժման, այնպես էլ Եգիպտոսի Թահրիր հրապարակի շարժման հետ:

Բացի դա, ըստ Գյուզելի՝ թուրքական շարժումը ավելի ծավալուն էր՝ այն 124 խմբերից մասնակիցներ ուներ, այդ թվում՝ իրար հակասող քաղաքական հայացքներ ունեցող խմբերից, սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներից, տարբեր ազգություններ ներկայացնող մարդկանցից: Գեզի այգու առանձնահատկություն է համարվել նաև ոստիկանների կիրառած անսպասելի  անհամաչափ ուժը: Ըստ բանախոսի՝ գուցե այգու պայքարում ակտիվիստներ նման խիստ ու անզիջում դիրքորոշում չունենային, եթե ոստիկանությունն ավելի մեղմ վարվեր ակտիվիստների հետ: 

Tekali Taxi