Home / Հայաստան / «Խտրականությունը չպետք է դրսևորվի պետական մակարդակով». ակցիա ՌԴ դեսպանության մոտ (ՎԻԴԵՈ)

«Խտրականությունը չպետք է դրսևորվի պետական մակարդակով». ակցիա ՌԴ դեսպանության մոտ (ՎԻԴԵՈ)

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքների:

Այսօրվա ակցիան կազմակերպել է «Հայազն» կուսակցությունը. այլ քաղաքական ուժեր կամ հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներ ակցիային չեն միացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա  Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Երկու օր առաջ նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել:  

Այսօր բողոքողներն ընթերցել են ՌԴ դեսպանին ուղղված հայտարարությունը, որով դատապարտել են մեղադրյալի նկատմամբ դրսևորած «շովինիզմը, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը»: 

Ոստիկանները խորհուրդ են տվել ակցիայի մասնակիցներին իրենց հայտարարությունը թողնել դեսպանության շենքի փոստարկղում,որը գտնվում է շենքի դիմացի մայթին: Բողոքողները հետևել են խորհրդին՝ նամակը գցելով փոստարկղ, իսկ դրա վերևում կնոջ խորհրդանշական խալաթ են կախել:  

«Հայազն»-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ նման գործողություններով Ռուսաստանի իշխանությունները ստեղծում են ցեղապաշտության մթնոլորտ, ինչը, ըստ բանախոսի, այս չափերի չէր հասել չեչենական պատերազմից ի վեր: Հայկական կողմը, ըստ նրա, պետք է իր հայրենակցի կողքին լինի, հետևի, որպեսզի հայրենակցի արժանապատվությունը չվիրավորվի:  

Մեր այն հարցին, թե ինչու է կուսակցությունը միայն այս դեպքից հետո բողոքի ակցիա անցկացնում՝ Հովհաննսիյանը պատասխանել է, թե սա առաջին դեպքն է, երբ  ռուսաստանյան պետությունը և իրավապահ մարմինները նման մասշտաբով խրախուսում են ռասիզմը Հայաստանի քաղաքացու նկատմամբ:

«Ամեն երկրում էլ կարող է լինել ատելություն որևէ ազգության հանդեպ, պետության ֆունկցիան էլ կայանում է նրանում, որ նման ատելության դրսևորումերը ոչ թե խրախուսվեն, այլ իրավական գնահատականի արժանանա», – ասել է Հովհաննիսյանը:

Նա չի հերքել, որ ազգային փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների, ասորիների, նկատմամբ խտրական վերաբերմունք կա նաև Հայաստանում, սակայն, ըստ Հովհաննիսյանի, այդ խտրականությունը չի դրսևորվում պետական մակարդակով:

Tekali Taxi