Home / Հայաստան / Գյումրիում ՌԴ հյուպատոսը դուրս չի եկել բողոքողների մոտ

Գյումրիում ՌԴ հյուպատոսը դուրս չի եկել բողոքողների մոտ

Այսօր Գյումրում՝ ՌԴ հյուպատոսարանի դիմաց մոտ չորս տասնյակ քաղաքացիներ պիկետ են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվության նվաստացնելու դեմ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշել է, որ գյումրեցիները ՀՀ զինանշանով շապիկ են բերել՝ խնդրելով այն փոխանցել Հարությունյանին, ինչպես նաև մի խալաթ, որը նախատեսված է եղել Ռուսաստանի դատավորի, ոստիկանների և դատախազի համար:

Բարսեղյանի փոխանցմամբ՝ ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը շենքի ներսում զրուցել է Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Թադևոսյանի հետ և նրա միջոցով փոխանցել հավաքվածներին, թե դուրս չի գալու:

Բողոքի ակցիայի մասնակիցները մոտ 10 անգամ շենքի տարբեր անկյուններից գոռացել են «Կորչմար՝ դուրս արի», սակայն հյուպատոսն այդպես էլ չի արձագանքել: 

Քաղաքացիները ծաղիկներ և վառվող մոմեր են դրել հյուպատոսարանի մուտքի մոտ:  

Լևոն Բարսեղյանը գրել է, որ հաջորդ պիկետը լինելու է վաղը՝ հուլիսի 18-ին, ժամը 11-ին նույն տեղում:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել: 

Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից 

Tekali Taxi