Home / Հայաստան / Ուղեվարձի թանկացումը բազմաթիվ ակցիաների և «շոգ աշնան» սկիզբ է լինելու. Խզմալյան

Ուղեվարձի թանկացումը բազմաթիվ ակցիաների և «շոգ աշնան» սկիզբ է լինելու. Խզմալյան

Տրանսպորտի համար 50 դրամ ավել վճարելը ոչ թե ափսոս է, այլ չվճարելը սկզբունք է: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով այսօր միացել է  քաղաքապետարանի մոտ անցկացվող տրանսպարտի թանկացման դեմ ակցիային:

«Այն, որ այսօր ակցիան համատարած բնույթ չի կրում, դեռ ոչինչ չի նշանակում՝ կարևոր չէ քանակությունը, կարևորը որակն ու արդյունքն են: Մեր ժողովրդի մի մասն այս պահին հավերժ արտասահման մեկնելու տոմսերն է առնում, մի մասը նայում է՝ ինչ է լինելու, սակայն մի բան ակնհայտ է՝ ոչ ոք սա չի ընդունելու», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ շաբաթ օրվանից սկսած` շատերը հրաժարվելու են  տրանսպորտին վճարել ավելացած 50 դրամը:

«Չվճարելը ոչ  թե ափսոսելն է, այլ սկզբունքը: Վաղվանից պետք է վճարել ոչ ավել, քան 100 դրամ, որովհետև թանկացումը իրենց բերած բացատրությունների հետ որևէ առնչություն չունի՝ ավտոբուսները աշխատում են դիզելով, իսկ գազը թանկացել է 18 դրամով: Ավտոբուսները Չինաստանի նվերն են մեր ժողվրդին, այլ ոչ թե քաղաքապետարանի մեկ-երկու օլիգարխներին, ու ասել, թե իրենք գումարներ են ծախսել պարկը փոխելու համար՝ ուղղակի սուտ ու ծիծաղելի է: Եթե պետք է՝ մենք Չինաստանի դեսպանատնից տեղեկանքներ կբերենք, որ 70 ավտոբուս որպես նվեր են բերել ու ոչ մի կոպեկ չեն ծախսել», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նաև շեշտել է, որ գնի ավելացմամբ քաղաքապետարանը փորձում է մեր ժողովրդի՝ օրեցօր  պակասող բանակից ստանալ նույն նախկին գերշահույթները:

«Ավտոբուսները սկիզբն են, տրանսպորտից գնում են թանկացումները բոլոր ուղղություններով, իսկ ժողովրդի պատասխանը պարզ ու վերջնական է լինելու», -ասել է կինոռեժիսորը:

Վերջինիս կարծիքով՝ այսուհետ ավելի լայնածավալ ակցիաներ են սկսվելու ու աշունը ամառվանից շատ ավելի «շոգ» է լինելու:

«Կլինեն բանկերի գիշատիչ տոկոսների վճարումներից հրաժարվողներ, կլինեն գյուղացիների աշնան հիասթափություններ, ուսանողները դեռ կվերադառնան լսարաններն ու այն մանր ժուլիկությունները, որոնք իշխանությունները մտածված անում են հուլիսին, երբ քչերն են քաղաքում ու ընդվզողները քիչ են, դա էլ իրենց չի օգնի: Սրանք իշխանությունների վերջին ամիսներն են», – եզրափակել է Խզմալյանը:

Tekali Taxi