Home / Հայաստան / Մոսկվան Բաքվի հետ կխոսի Ղարաբաղի մասին, եթե Ալիևը մոռանա Արևմուտքի և Իսրայելի մասին

Մոսկվան Բաքվի հետ կխոսի Ղարաբաղի մասին, եթե Ալիևը մոռանա Արևմուտքի և Իսրայելի մասին

Օգոստոսին Բաքու կատարելիք իր այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի լուրջ զրույց ունենալ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, և եթե վերջինը, Սաակաշվիլիի, Մուրսիի ու Էրդողանի նման, ուզում է գնալ ամերիկամետ ռեժիմների ճանապարհով, ապա Մոսկվային դա ձեռնտու չի կարող լինել: Այս մասին Vesti.az կայքի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը:

«Ի դեպ, նույն բանը կարելի է ասել նաև հայերին. եթե Երևանն ուզում է Արևմուտքի հետ խաղեր տալ, ապա մենք կարող ենք նաև այլ կերպ խոսել»,- հայտարարել է նա:

Դուգինի խոսքով՝ Բաքուն պետք է հասկանա, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխիքը ոչ թե ԱՄՆ-ն կամԹուրքիան են, այլ հենց Ռուսաստանը: «Եթե Ռուսաստանն այդ հարցում  փոխի իր քաղաքականությունը, ապա կարող է վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պատմությանը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ Պուտինն արդեն «հասունացել է» Ալիևի հետ լուրջ զրույցի համար, ով, իր հերթին, արդեն պետք է ընտրություն կատարի՝ ում հետ և ինչպես զարգացնել հետագա համագործակցություն: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Ադրբեջանի հանդեպ մեծ համակրանք է տածում, մեզ այն պետք է որպես բարեկամական և դաշնակցային պետություն: Ես կարծում եմ, որ այժմ Մոսկվան, Բաքուն, Երևանն ու Թեհրանը պետք է միասին զբաղվեն Ղարաբաղյան հակամարտության հարցով: Բայց առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցության»:

Ռուսաստանցի վերլուծաբանն ընդգծել է, որ, «տարածաշրջանում նոր հանգամանքներից ելնելով, Պուտինը Բաքու է գնում իր ընկերոջ մոտ, կարելի է ասել՝ եղբոր մոտ»: «Ինչպե՞ս է Պուտինը խոսելու Բաքվում: Նա ասելու է՝ ամերիկացիներ և եվրոպացիներ, հեռացեք: Ոչ մի ՆԱՏՕ և ԵՄ: Մենք ինքներս ենք նստելու, զրուցելու և լուծելու խնդիրը: Իսկապես, նա Ադրբեջան է գնում նոր հանգամանքների պարագայում: Վերջին ժամանակներս տարածաշրջանում տեղի են ունեցել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, և այն, ինչ նախկինում ցանկություն էր, այսօր դառնում է փաստ»:

Դուգինի կարծիքով՝ Պուտինի և Ալիևի հանդիպումը կանցնի ծայրահեղ ընկերական միջավայրում, եթե դրա ժամանակ Ադրբեջանի նախագահն ասի՝ վերջ, մենք մոռացել են ԱՄՆ-ի մասին: «Պուտինի հետ զրույցում ԱՄՆ-ի գործոնը հաշվի առնել պետք չէ: Ես չեմ ասում՝ ընդհանրապես պետք չէ հաշվի առնել: Իհարկե, պետք է, բայց ոչ Պուտինի հետ զրույցում: Եվ այդ ժամանակ այնպիսի զրույց տեղի կունենա, ինչպիսին դեռ չի եղել: Եթե երկու պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի մասին ընդհանրապես չխոսվի, ապա հանդիպման վերջում դուք կտեսնեք բոլորովին այլ Պուտին: Եվ դուք կտեսնեք մեկ այլ Ռուսաստան: Այո, ուժեղ: Այո, իր շահերի մասին մտահոգված: Այո, տարածաշրջանի առաջնորդի դերի թեկնածու: Բայց միայնակ մենք այդ դերը չենք իրականացնի: Մեզ պետք են ինքնուրույն դաշնակիցներ և գործընկերներ, որոնց հետ միասին մենք կկառուցենք եվրասիական քաղաքականությունը: Եվ հենց այդ ժամանակ կարելի կլինել խոսել Ղարաբաղի մասին»:

ԱՄՆ-ից ու ԵՄ-ից բացի, Ադրբեջանի ղեկավարությունը չպետք է խոսի նաև Իսրայելի մասին, վստահ է ռուսաստանցի վերլուծաբանը: «Բաքվում հիմա մեծ թվով ոչ պետքական իսրայելցիներ կան: Կարծում եմ, որ նրանց ուղղակի պետք է արտաքսել մինչև Պուտինի այցը, որպեսզի նրանք չխանգարեն ջերմ ու հանգիստ միջավայրին: Իսրայելն այժմ հեռու չէ Ռուսաստանի հետ պատերազմից, այն բանից հետո, երբ գնդակահարեց Դամասկոսը: Պուտինը կտրուկ փոխել է վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ, այդ պատճառով կարծում եմ, որ Բաքվում իսրայելցի գործակալների ներկայությունը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների առաջնորդների ջերմ հանդիպման վրա»,- ասել է Դուգինը: 

Tekali Taxi