2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանում ավելի շատ վախենում են օտարազգիներից, քան աղետներից ու ահաբեկչությունից

Ռուսաստանցիները երկրի համար ամենաիրական սպառնալիք համարում են Ռուսաստանի՝ օտարազգիների կողմից բնակեցումը: Իրադարձությունների այսպիսի ելքը հավանական է համարում ռուսաստանցիների 35%-ը: Այս մասին են վկայում Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի նոր հետազոտության տվյալները, հայտնում է Newsru.com-ը:

Ռուսաստանցիների այլ վախերի շարքում է մշակույթի, գիտության, կրթության մակարդակի անկումը (33%). սրանից վախենում է Ռուսաստանի քաղաքացիների մոտ մեկ երրորդը: Երկրի համար ամենաիրական սպառնալիքների ցուցակի երրորդ տեղը կիսել են աղետներն ու ահաբեկչությունները, այս կետերը հավաքել են 28%:

Ամեն չորրորդ ռուսաստանցին (հարցվածների 25%-ը) ավելից շատ մտահոգված է նավթի և գազի պաշարների հնարավոր սպառման վտանգով: Իշխող վերնախավի շրջանակներում պառակտման մասին մտավախություն է հայտնել հարցվածների 24%-ը:

23%-ի համար ամենաիրական ապառնալիքը ցածր ծնելիության պատճառով բնակչության կրճատումն է, իսկ հարցվածների  22%-ը մտահոգված է կյանքի մակարդակի կտրուկ անկմամբ:

Այլատյացությունը նվազեցնելու նպատակով ՌԴ կառավարությունը օրերս հաստատել է գործողությունների ծրագիր: Փաստաթղթում նշված են 82 միջոցառումներ, որոնց նպատակն է ամրացնել ՌԴ բազմազգ ժողովրդի «միասնությունն ու հոգևոր ընդհանրությունը» և անհանդուրժողականություն ցուցաբերել «ագրեսիվ ազգայնականության», էթնիկական հանցավորության և ծայրահեղության նկատմամբ, հիշեցնում է Ria7.ru-ն:

Ծրագիրը նախատեսում է նաև «Խաղաղ Կովկաս» փառատոնի անցկացումը, փոքր ժողովուրդների կլինիկական հետազոտություն, կորեացիների՝ Ռուսաստանում վերաբնակեցման 150-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացում, կազակների խմբերի մրցույթի կազմակերպում, ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտում և այլ միջոցառումներ:  Նպատակներից մեկն է երկրում միգրանտների մշակութային և սոցիալական ինտեգրումը: