Home / Հայաստան / Ակտիվիստները պահանջում են ապասեփականաշնորհել տրանսպորտը

Ակտիվիստները պահանջում են ապասեփականաշնորհել տրանսպորտը

Հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է իր իսկ որդեգրած հանրային մասնակցության և բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: Այս մասին ասված է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Նախաձեռնության ակտիվիստները, որոնք այլոց թվում վերջին օրերին տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ են կազմակերպում, ընդգծում են, որ որոշում կայացնելու ժամանակ չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերը` վարորդներ, ուղևորներ, խոցելի սոցիալական խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Քանի որ այս որոշումը կայացվել է առանց շահագրգիռ կողմերի և հանրության իրական մասնակցության, մենք չենք վստահում ուղեվարձի գնի բարձրացման հաշվարկներին և համարում ենք, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը հանրային շահից` ըստ այդմ չիրականացնելով հանրային շահին ծառայելուն ուղղված իր ամենահիմնական գործառույթը:

Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երևան քաղաքի հանրային ուղևորափոխադրումների ոլորտը. այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ, անվտանգ, քաղաքակիրթ թե ուղևորների, թե ծառայություններ մատուցողների համար (վարորդներ, դիսպետչերներ և այլն): 

Այս իրավիճակում մեր առաջնահերթ ու անհապաղ պահանջն է անվավեր ճանաչել քաղաքապետի  որոշումը և ուղեվարձի գինը թողնել 100 դրամ:

Մեր երկարաժամկետ համակարգային պահանջները հետևյալն են. 

– Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային այս սեփականությունը համայնքին` Երևանի քաղաքապետարանի կառավարման ներքո: 

– Մինչև ապասեփականաշնորհման այս գործընթացը սկսելը, պահանջում ենք, որ քաղաքապետարանը իր համապատասխան վերահսկողական ու տեսչական մարմինների կողմից սահմանի խիստ հսկողություն հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունների նկատմամբ, պահանջելով, որ նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովվի վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:

– Պահանջում ենք հրապարակել հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին հինգ տարիների համար ներկայացնել կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները: 

– Պահանջում ենք, որ սրանից հետո քաղաքապետարանը նման որոշումներ ընդունելոց առաջ ապահովի հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում», – նշված է հայտարարության մեջ: 

Tekali Taxi