Home / Հայաստան / Գծատեր ԲՀԿ-ական պատգամավորը կհրաժարվի երթուղիներից, եթե ուղեվարձը նվազեցվի

Գծատեր ԲՀԿ-ական պատգամավորը կհրաժարվի երթուղիներից, եթե ուղեվարձը նվազեցվի

Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարել է, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է:

«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ: Նշենք, որ, մասնավորապես, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը իրենց անձնական մեքենաներով մարդկանց անվճար են տեղափոխում:

«Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս։ Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»», – գրում է թերթը:

«Հրապարակի» թղթակցի հարցին՝ եթե, այնուամենայնիվ, քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Դե… իհարկե, անհնար ա աշխատելը»:

Tekali Taxi