Home / Տեսանյութեր / Տարոն Մարգարյանին «50 դրամանոցի» պատկերով տորթ փոխանցեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարոն Մարգարյանին «50 դրամանոցի» պատկերով տորթ փոխանցեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կերեք, կշտացեք» գրությամբ «50 դրամանոցի» պատկերով ձևավորված տորթը քիչ առաջ քաղաքապետարանի շենքի դիմաց ակցիա անցկացնող ակտիվիստները ուղարկել են  քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը տրանսպորտի սակագնի ավելացման դեմ:

Քաղաքապետի և նրա աշխատակազմի համար հատուկ պատվիրված տորթը քաղաքապետարանի շենք է մտցրել «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, քանի որ հավաքված  մի քանի տասնյակ ոստիկանները՝ գնդապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չեն տվել ակտիվիստներին շարժվել դեպի շենքի մուտքը:

Ակտիվիստները մի քանի րոպե բանակցել են Օսիպյանի հետ, հորդորել, որպեսզի վերջինս թույլ տա տորթը մտցնել քաղաքապետարանի շենք՝ ընդգծելով, թե շոգից հալվելու է, ինչին գնդապետը բացասական պատասխան է տվել: 

Ակցիայի մասնակիցները փորձել են հեռախոսով կապվել քաղաքապետարանի մամուլի ծառայության պետ Արթուր Գևորգյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարները կամ զբաղված են եղել, կամ չեն պատասխանել, ինչից հետո  ակտիվիստներից մեկը կապվել է մամուլի ծառայության բաժին և աշխատակցին  փոխանցել, թե իրենք  ուզում են տորթ նվիրել քաղաքապետին: Ակտիվիստը նաև խնդրել է  ներքև իջնել ու վերցնել տորթը:

Ավելի ուշ՝ տորթը հալվելուց փրկելու համար, ակցիայի մասնակիցները որոշել են այն քաղաքապետին հասցնել ավագանու անդամի օգնությամբ, ինչին Սանասարյանը համաձայնել է:

Ակտիվիստները ծափերով են «ճանապարհել» տորթը, մի քանի րոպե կանգնել են շենքի դիմաց, ապա  երթով շարժվել են  քաղաքի կենտրոն՝ իրենց ամենօրյա բողոքի ակցիաները կանգառներում շարունակելու համար:

Tekali Taxi