Home / Հայաստան / Բոլոր հնարավոր ծախսերի դեպքում ուղեվարձը 92 դրամ է կազմում, ապացուցում է ՀԿ-ն

Բոլոր հնարավոր ծախսերի դեպքում ուղեվարձը 92 դրամ է կազմում, ապացուցում է ՀԿ-ն

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ներկայացված հաշվարկների համաձայն՝ Երևանում տրանսպորտի իրական սակագինը կազմում է 92 դրամ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն անդրադարձել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի հիմնավորմանը՝ հաշվի առնելով անգամ այն հանգամանքը, որ թանկացումներն իրականացվում են, ինչպես այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ասել, ավելի լավ երթևեկություն ունենալու նպատակով:

Քաղաքապետարանի կողմից տարածված մեկնաբանության մեջ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.000 դրամ, չնայած այն բանին, որ այսօր դեռևս չեն իրականացվում սպասարկման որակը բարելավելու համար խոստացված ծախսերը:

«Այդուհանդերձ ենթադրենք անգամ, որ հետագայում վերահսկվելու է, որպեսզի իրականացվեն այդ ցանկալի ներդրումները և ուղղակի թղթի վրա չեն մնալու: Նման ներդրումների պարագայում մեքենան 5 տարով ամորտիզացնելն ուղղակի անտրամաբանական է, քանզի ներդրումների և ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում մեքենաները կշահագործվեն նվազագույնը 10 տարի:

10 տարով մեքենաներն ամորտիզացնելու պարագայում 195.000 դրամ ամորտիզացիոն ծախսը կկիսվի, հետևաբար նաև ընդհանուր ծախսը կկազմի (անգամ բոլոր ներդրումների պարագայում) 712.000 դրամ: 

Հիմա անդրադառնանք սահմանված վճարում կատարող 5.850 ուղևորների թվին. այսօր կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը տարեկան հաշվարկով նվազագույն միջինը կազմում է 25-30 ուղևոր: Սա այն վիճակն է, որը շատ դժվար է փոխել՝ հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցվածությունը և տրանսպորտային միջոցների քանակը, բայց անգամ, եթե իրականացվեն բարեփոխումներ և ավելացվի տրանսպորտային միջոցների քանակը, միևնույնն է կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը չի կազմում 14 (ամսական 5.850): Կես շրջապտույտի ընթացքում X նստատեղ ունեցող միկրոավտոբուսների դեպքում նստատեղերի կեսն օգտագործվում է 1 անգամ, մյուս կեսը՝ 2: Այսինքն 14 նստատեղ ունեցող միկրոավտոբուսը տեղափոխում է ամսական 21x13x30=8.190 ուղևոր: Հարաբերակցելով ցանկալի 712.000 դրամ ծախսը ամսական տեղափոխվող 8.190 ուղևորների թվի հետ և գումարելով 5 տոկոս շահույթը՝ ստացվում է 92 դրամ (712.000/8190+5%): 

Ստացվում է, որ անգամ բոլոր ցանկալի ներդրումների և ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում 100 դրամը գերշահույթ է և հետևաբար 100 դրամ ուղեվարձ ունենալու համար ոչ միայն որևիցե սուբսիդավորում անհրաժեշտ չէ, այլև գերշահույթի մի մասով կարելի է սուբսիդավորել թիրախային որոշ խմբերի ուղեվարձը», – նշված է ՀԿ-ի հայտարարության մեջ:

Tekali Taxi