Home / Տեսանյութեր / «Ժամանակը չէ՞ Քոչարյանին բերենք հրապարակ, ասենք՝ էս ի՞նչ ես արել». Բագրատյան

«Ժամանակը չէ՞ Քոչարյանին բերենք հրապարակ, ասենք՝ էս ի՞նչ ես արել». Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Galatv հետ զրույցում մեկնաբանելով էլեկտրաէներգիայի 27%-ով թանկացումը, ասել է, որ դա նշանակում է, որ գազը 18%-ով չի թանկացել, «երկուսն իրար հետ միջին հաշվով 23% են թանկացել»:

«էներգետիկ քաղաքականությունն ընդհանրապես ինձ զարմացնում է, լավ, ես հասկանում եմ, որ գազի հիման վրա ՋԷԿ-ը տվել են ռուսներին, բայց ես չեմ կարող հասկանալ, թե մոտավորապես 1000-1100 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի մեծ մասն ինչո՞ւ ենք տվել։ Ես հակառուսական մարդ չեմ, գտնում եմ, որ ստրատեգիական հարաբերությունները պիտի պահպանվեն, բայց նախևառաջ Հայաստանի կողմնակիցն եմ. չի կարելի ավելորդ տեղը գնալ փաթաթվել, եթե մեկի հետ լավ ընկերներ եք, Ձեզ չպիտի թույլ տաք ասեք՝ վայ, ձեր ընտանեկան ալբոմն ինչ լավն է, տանենք, թող մեր տունը մնա: Այսօր ՀԷԿ-երում կիրառվում են լավ, էժան տեխնոլոգիաներ։ Այսօր առաջին անգամ Չինաստանը սկսեց արտադրել հողմահարներ ու արևային էներգիայի մարտկոցներ, որոնք ավելի էժան են, քան թե ՋԷԿ-ն ու ատոմակայանները. էլ ի՞նչ գործ ունենք ռուսական գազի հետ», – ասել է Բագրատյանը։

Նա նշել է, որ ի վերջո, պատերազմում հաղթողն իր կառավարությունն է եղել, և առաջին հարցը, որ լուծել է, էլեկտրաէներգիայի խնդիրն է եղել բանակի համար։

«Անշուշտ, մենք Աստծու տեղ ենք դնում կռված զինվորներին, զոհված տղաների հիշատակի առջև խոնարհվում ենք։ Բայց կա մի ուրիշ բան, որ ՀՀ կառավարությունը իմ՝ վարչապետության ստանձնելուց հետո երկու ամսում լուծել է. հակաօդային պաշտպանության համակարգերը։ Դրա համար առաջինը գործարկել ենք Սարսանգի հիդրոկայանը, որից հետո սկսեցինք օդում խփել հակառակորդի ռմբակոծիչները։ Մինչև հակառակորդի օդուժը չխփեցինք, ցամաքում զինվորը չէր կարող կռվել, որովհետև ռմբակոծվում էր, սա է մեր հաղթանակի բանալին:

Հիմա հարց եմ տալիս, որ եթե նոր պատերազմ լինի, Ադրբեջանն ուղարկելու է հազարավոր իսրայելական անօդաչու սարքեր, մենք կարողանալո՞ւ ենք խփել, ինչ-որ մեկը չի՞ անջատելու մեր հոսանքը, ու հիմա ժամանակը չէ՞ Քոչարյանին բերենք հրապարակ, ասենք՝ էս ի՞նչ ես արել։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ նրա նմանները չպիտի գան իշխանության, և հիմա, եթե պատերազմական գործողություն լինի, ստիպված ենք ռուսներին խնդրել, որ մեր փոխարեն կռվե՞ն։

Հեշտ չէ բերել զինվորի, ու նա զոհվի, իսկ մենք չենք կարող այնպես կռվել, ինչպես 1993-ին։ 1993-ին ավելի շատ ազատություն ու լծակ ունեինք կռվելու, քան թե հիմա:

Հակաօդային պաշտպանությունը ստեղծեցին Աշոտ Սաֆարյանը, Թելման Տեր-Պետրոսյանը, Արտավազդ Զաքարյանը։ Հիմա նրանց ո՞վ է հիշում», – ասել է Հրանտ Բագրատյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Galatv.am-ում

Tekali Taxi