Home / Հայաստան / «Ուղեվարձը 50 դրամ 5 օրով». ակտիվիստները շարունակում են բողոքել Տարոն Մարգարյանի դեմ

«Ուղեվարձը 50 դրամ 5 օրով». ակտիվիստները շարունակում են բողոքել Տարոն Մարգարյանի դեմ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունից ակնհայտ է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը քաղաքապետի և նրա աշխատակազմի կողմից ընդունվել է  առանց համապարփակ  սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների: Այս մասին ասված է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական ակտիվիստների շարժման կողմից տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը երեկ հայտարարել էր, որ միայն 150 դրամ ուղեվարձը թույլ կտա բարելավել տրանսպորտի վիճակը մայրաքաղաքում՝ միևնույն ժամանակ մի քանի ամսով կասեցրել էր թանկացումը՝ մինչ համապատասխան հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ներկայացուցիչներն ընդգծում են, որ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության:

«Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը», – ասված է հայտարարության մեջ:

Ակտիվիստները նշում են նաև, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն:

«Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի դա, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս»  ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: 

Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:

Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները: 

Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:

Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելաման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝

– Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին: 

– Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:

– Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում

– Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները», – նշված է հայտարարության մեջ:

Ակտիվիստները պատրաստվում են այսօր, ժամը 12:00-ին ակցիա անցկացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին և տրանսպորտի թանկացման մյուս պատասխանատուներին:

Tekali Taxi