հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դե, Քերրի, զբաղվիր Ղարաբաղով. ԱՄՆ-ին անհրաժեշտ են Հարավային Կովկասի ռեսուրսները

Դե, Քերրի, զբաղվիր Ղարաբաղով. ԱՄՆ-ին անհրաժեշտ են Հարավային Կովկասի ռեսուրսները

ԱՄՆ ներկայիս պետքարտուղար, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ջոն Քերրին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն թեկնածությունն է: The National Interests-ում հրապարակած հոդվածում նման եզրակացության է եկել «Համաշխարհային կղզի. եվրասիական աշխարհքաղաքականություն և Արևմուտքի ճակատագիրը» գրքի հեղինակ, chinaincentralasia.com կայքի խմբագիր Ալեքսանդրոս Փեթերսոնը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Հունիսի վերջին միջազգային մամուլը հայտնեց, որ Ադրբեջանը վերջնականապես ընտրեց այն արտահանման գազատարը, որով երկրի բնական գազը մտնելու է եվրոպական շուկա: Դրա համար պահանջվեց ավելի քան 10 տարի և Վաշինգտոնի միջամտությունը՝ որպես եվրասիական էներգապաշարների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և նրա Պետդեպարտամենտի ղեկավարած էներգապաշարների նոր բյուրոյի համառ աշխատանքը: Ադրբեջանական էներգետիկ պաշարների մատակարարումը Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռազմավարական առաջնահերթություն էր բազմաթիվ իշխանությունների համար, ինչպես հանրապետական, այնպես էլ ժողովրդավարական՝ սկսած Քլինթոնի առաջին նախագահական ժամկետից: Այս առաջնահերթությունները խափանելու ռուսաստանյան ծրագրերը շրջանցելու համար՝ նպատակին հասնելու համար պահանջվեցին գաղտնի մանյովրներ:

Մոսկվան փորձում էր պահպանել Կենտրոնական Եվրոպայից իր նախկին արբանյակների կախվածությունը ռուսաստանյան գազի մատակարարումից, ինչպես նաև նրանց խոցելի դարձնել աշխարհքաղաքական մանիպուլյացիայի համար, և այդ նպատակով մեկ անգամ չէ, որ 2000-ական թվականներին՝ ձմռան կեսերին անջատել է գազամատակարարումը: Այժմ այդ խնդիրը հիմնականում վերացել է՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև անցկացվող բարդ էներգետիկ դիվանագիտության շնորհիվ: Բայց Մոսկվան իր ձեռքին դեռ մի քանի հաղթաթուղթ էլ ունի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Ադրբեջանն ու Եվրոպան կապող գազատարներն ամեն դեպքում պետք է շրջանցեն հարևան Հայաստանը: Սառը պատերազմի ավարտից ի վեր՝ այս սառեցված հակամարտությունը դարձել է այն վաղեմի, խառը և ոչ մի շահույթ չբերող հրդեհների հոմանիշը, որոնց հետ Վաշինգտոնը ոչ մի կապ չի ուզում ունենալ: Բայց տվյալ դեպքում սա ոչ թե սառեցված, այլ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանգիստ վառվող հակամարտություն է, որն ուրվականի պես հետապնդելու է ԱՄՆ-ին, եթե նրանք խաղաղ ճանապարհով կարգավորման համար ամեն հնարավորը չանեն:

Եգիպտոսի և Սիրիայի ճակատագիրն անորոշ է, իսկ պետքարտուղար Քերրին մնացել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հավերժական փակուղիում, և այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը Պետդեպարտամենտին հնարավորություն է տալիս տվյալ հակամարտության կարգավորման դեպքում մեծ հաջողություն գրանցել: Բայց քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններն օր օրի վատանում են, Ղարաբաղը կարող է օգտագործվել որպես տարածաշրջանում ամերիկյան շահերին դեմ խաղաքար, որը սահմանակից է Իրանին և Աֆղանստանից զորքերի դուրս բերման համար կարևոր միջանցք է:

Ռուսաստանն արդեն վաղուց հանդես է գալիս որպես Հայաստանի բարեխոս և պաշտպան՝ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում նրա կողքին կանգնելուց հետո: Մոսկվան այդ երկրում խոշոր ռազմական բազա ունի, ինչպես նաև Հայաստանի վրա հարձակման դեպքում երկիրը պաշտպանելու համաձայնագիր: Քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի հավատարիմ է դառնում ԱՄՆ-ի դաշնակիցներին նրանց օգնելով Աֆղանստանի և Իրաքի հարցերում, Մոսկվան Բաքվի նկատմամբ սառել է՝ չնայած Ադրբեջանի իշխանությունը փորձում է ջերմ հարաբերություններ պահպանել իր գլխավոր թշնամու ամենամոտ դաշնակցի հետ:

Եթե Մոսկվան ցանկանա կանգնեցնել ռազմավարական կարևորություն ունեցող բնական գազի մատակարարումը ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին կամ ուղղակի իր դժգոհությունը ցույց տալ այս վիճելի և աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր տարածաշրջանում, նա կարող է ամեն պահի վերսկսել ղարաբաղյան հակամարտությունը՝ Իրանի հյուսիսային սահմանում և Թուրքիայի արևելյան մասում խառնաշփոթ առաջացնելով: Նախադեպեր արդեն եղել են՝ նմանատիպ հակամարտությանը միջամտության պատրվակով Ռուսաստանը 2008 թվականին իր զորքերը մտցրեց հարևան Վրաստան: Չնայած որ այն ժամանակ շատերը խոսում էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ դիմակայության ձգտելու մասին, գրեթե բոլոր լուրջ վերլուծաբանները եկան այն եզրակացության, որ նախապես ծրագրված ռուսական ներխուժումը նպատակ ուներ Վրաստանին թույլ չտալ մտերմանալ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ:

Պետք է արժանին մատուցել Քերրիին, ով բազմիցս ճանաչել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհներ փնտրելու կարևորությունը: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ Քերրին հայտարարել է, որ վերը նշված բազմաթիվ պատճառներով կարգավորումը ներկա պահին «հատկապես կարևոր է»: Քերրին հայտնվել է բացառիկ իրավիճակում ու ի վիճակի է գործընթացն ուղարկել խաղաղ կարգավորման ճանապարհով: Ադրբեջանը ԱՄՆ-ի մոտ գործընկերն է, բայց Քերրին վայելում է հայերի հատուկ վստահությունը, քանի որ դեռևս Մասաչուսեթսի նահանգապետ լինելու ժամանակաշրջանում ներկայացրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի շահերը:

Բայց պետքարտուղարի պաշտոնում հաջողության հասնելու համար Քերրին պետք է փոխի իր մոտեցումը: Ղարաբաղի վիճելի տարածքին վերաբերող տարաձայնությունների էությունը նրանում է, որ երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջազգային հանրության կողմից որպես ադրբեջանական տարածք ճանաչված, բայց հայերի կողմից «օկուպացված տարածքի» վերջնական կարգավիճակի մասին: Սակայն վերջնական կարգավիճակի մասին որևէ, թեկուզ ոչ պաշտոնական համաձայնության գալու բոլոր փորձերը հենց սկզբից դատապարտված են ձախողման:

Ղարաբաղի հարցում առաջընթաց միայն հնարավոր կլինի այն դեպքում, եթե Քերրին բարձր մակարդակով կազմակերպված բանակցություններում հանդես գա որպես միջնորդ, ու եթե գործնական շոշափելի առաջընթաց գրանցվի՝ առանց նախապայմանների: Երկու շաբաթվա քննարկումներից հետո սեղանին մնում են բոլորին քաջ հայտնի կարգավորմանը և վերջնական կարջավիճակին վերաբերող բազմաթիվ ծրագրեր: Կողմերն արդեն դրանց մասին իրենց կարծիքն ունեն, և նրանք համաձայնության չեն գա, քանի դեռ պահպանվում է ստատուս-քվոն: Եվ Քերրին վերջին տարիների ամենահարմար պետքարտուղարն է, որ կարող է այդպիսի բանակցություններ կազմակերպել: Նրանից ավելի լավ ոչ ոք չկա:

Ղարաբաղը անկանոն սառեցված հակամարտություն չէ, այլ բարենպաստ հնարավորություն, որը սպասում է, թե իրենից երբ կօգտվի ներկայիս կառավարությունը: Իսկ հաշվի առնելով Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի դեմ այդ հակամարտությունը վատթարացնելու ունակությունը, այս հնարավորությունը ոչ մի կերպ չի կարելի բաց թողնել: