հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը. ակցիան շարունակվում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը. ակցիան շարունակվում է

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ներկայացուցիչներ, վերջին օրերին ուղեվարձի թանկացման դեմ պայքարող մի քանի տասնյակ այլ ակտիվիստներ ժամը 12:00-ից սկսել են հավաքվել  Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքից մոտ 20-30 մետր հեռավորության վրա: Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն չինովնիկներին, ովքեր ուղեվարձը բարձրացնելու որոշում են կայացրել: Տասնյակ ոստիկաններից կազմված պատը փորձել է թույլ չտալ ակտիվիստներին մոտենալ քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ:

Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը պատճառաբանել է, թե քաղաքապետարանից իրենց խնդրել են թույլ չտալ ակտիվիստներին մոտենալ շենքին, քանի որ նրանք կարող են խանգարել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ոստիկանները խոչընդոտում են խաղաղ հավաք անցկացնելու իրենց իրավունքը: Մինչ մի քանի ակտիվիստների և Վալերի Օսիպյանը բանակցում էին, ակտիվիստների մի մասը շրջանցել է ոստիկանական պատը և մոտեցել է շենքին: Ոստիկանները նոր ուժեր են բերել և փակել են դեպի մուտք տանող ճանապարհը:

Ակտիվիստները կանգնել են ոստիկանական պատի դիմաց, և ընթերցել են իրենց հայտարարությունը, որում մի շարք պահանջներ են ներկայացվում Երևանի քաղաքապետարանին: Բողոքողները, մասնավորապես, պահանջում են ոչ թե ժամանակավորապես կասեցնել, այլ չեղյալ համարել ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու որոշումը, պատասխանատվության ենթարկել որոշումը կայացրած անձանց:

Ակտիվիստները հայտարարել են, որ այս պահին որոշում կա քաղաքապետարանի մոտ մնալ անորոշ ժամանակ, քանի դեռ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանը հրաժական չեն ներկայացրել:

Ակտիվիստները ցանկանում են իրենց նամակը հանձնել Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մուտքից: Ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ մուտքին՝ առաջարկելով նամակը հանձնել նամակների բաժնի մուտքից: Ակտիվիստները վանկարկում են՝ «Հեռացիր», «Տարոն, վիխոդի», «Մենք ենք տերը մեր երկրի»: Ժամը 13:00-ի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են կանգնած մնալ ոստիկանական պատի առջև:

Epress.am-ի թղթակիցը նկատել է, որ ակտիվիստներ Ռուզաննա Գրիգորյանն ու Կարեն Հարությունյանը նամակ-պահանջագիրը հանձնել են քաղաքապետարանի նամակների բաժին, այնուամենայնիվ, ակտիվիստները շարունակում են ակցիան: Գրիգորյանը հայտարարել է, որ, չնայած նամակը հանձնվել է, սակայն ակնհայտ է, որ խախտվել է ակտիվիստների տեղաշարժի իրավունքը: