Home / Հայաստան / Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տեղափոխելու հարցն անուշադրության չի մատվելու. փաստաբան

Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տեղափոխելու հարցն անուշադրության չի մատվելու. փաստաբան

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը վստահեցնում է, որ անուշադրության չի մատնի մեղադրյալին կնոջ խալաթով դատարան տեղափոխելու հանգամանքը և հարցը տրամաբանական ավարտի կհասցնի:

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: 

Ինչպես հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը, զրույցի ընթացքում Ռուբեն  Մարգարյանը նշել է, որ ինքը հուլիսի 24-ին  քննիչից ստացել է մեկուսարանում մեղադրյալին այցելելու  թույլտվություն, և հաջրոդ օրը հանդիպել է Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:

«Պահման  պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: 

Ինչ վերաբերում  կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց,  ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականն այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումն անհետևանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն արդեն իսկ համապատասխան դիմում է ուղարկել, իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան,  և՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և  վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին,  պատրաստվում եմ այն հասցնել տրամաբանական ավարտի:

Ակնհայտ է, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես ակնառու օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով քրեական դատավարության գործընթացում  հայտնվել է  կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում: Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել իրավախախտում մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում:  Քննիչը,  «իբր»,  պարտավոր չէր հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:

Ուղեկցողները ևս «իբր» կապ չունեին. այդ պահին  ձերբակալվածի   համար պատասխանատու էիր ոչ թե Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը,  այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք  պարզապես հսկում էին ձերբակալվածին  հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին  նրա համար այլ  հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը  նրանց նախաձեռնությունը չէր:  Իսկ դատավո՞րը… Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել  կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե և դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ   համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր: Ոչ ոք «իբր» մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ  դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին  նկատողություն տալով: Կրկնվեմ՝  բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք», – ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա  Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Երկու օր առաջ նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել:

Tekali Taxi