Home / Տեսանյութեր / Օլիգարխները նվիրատվություն են անում. ինչպես է գործում իշխանության «սև դրամարկղը»

Օլիգարխները նվիրատվություն են անում. ինչպես է գործում իշխանության «սև դրամարկղը»

Հայաստանցի օլիգարխները և գործարարները մեծաթիվ նվիրատվություններ են անում երկրում գործող այն բարեգործական հիմնադրամներին, որոնց ղեկավարները բարձրաստիճան պաշտոնյաներն են:

Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սև դրամարկղ», քան պետական բյուջե: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սև դրամարկղը» գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել է»: Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»», – նշում է թերթը:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:

Թերթը օրինակ է բերում «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հոգաբարձուների խորհրդի անդամներից է:

Այդ հիմնադրամը նախորդ տարի ստացել է 1 միլիարդ 920 միլիոն դրամից ավելի գումար:

«Եվ գիտե՞ք, թե ովքեր են այդքան շռայլ եղել «Լույս» հիմնադրամի հանդեպ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն, «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ու «Ղ Տելեկոմ» ՓԲԸ-ն: Թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին, վերջինիս հաշվետվության մեջ նշված չէ», – գրում է թերթը:

Օլիգարխների և խոշոր գործարարների կողմից նմանատիպ նվիրատվություններ են ստացել նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին պատկանող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Նորավանք» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնված «Երևան» հիմնադրամը, ՀՀԿ երիտմոիթւայն կրկնօրինակ հանդիսացող «Հայաստանի եռրիտասարդական հիմնադրամ»-ը:

Այդ հիմնադրամները նվիրատվություններ են ստացել ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ընկերությունից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից, որի ղեկավարն է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, «Հայռուսգազարդ»-ից, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին պատկանող «Մաքս կոնցեռն»-ից, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատ բանկ»-ից և այլն:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում