2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչ արժե պսակադրությունը համեստ հայկական եկեղեցում

28-ամյա բանկի աշխատող Արսենը ամուսնանում է: Պսակադրության համար նա ընտրել է Երևանից դուրս եկեղեցի: «Ես համեստ եկեցեցի էի ուզում, ու ինձ խորհուրդ տվեցին Սուրբ Հռիփսիմեն: Այնտեղ, ինձ ասացին, քահանաները քահանաների են նման», - Epress.am-ի թղթակցին պատմել է Բադեյանը:

- Ես գնացի ու պայմանավորվեցի պսակադրության մասին: Երիտասարդ, եկեղեցական հագուստով տղամարդն ինձ հայտնեց, որ արարողության համար հարկավոր է խորհրդանշական 5 հազար դրամ վճարել: Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ նա ասաց. «Բայց եթե ուզում եք, որ ամեն ինչ նորմալ ընթանա...»:

Այնուհետև տեղի ունեցավ հետևյալ երկխոսությունը.
- Ի՞նչ է նշանակում «նորմալ»:
- Դե, ուզո՞ւմ եք, որ ամեն ինչ լավ կազմակերպված լինի:
- Դա ի՞նչ հարց է: Իհարկե չեմ ուզում: Թող ամեն ինչ ինչքան հնարավոր է տգեղ լինի:
- Մի բորբոքվեք, դուք սխալ հասկացաք: Օրինակ, կարող է ուզեք, որ աղոթքների ու հոգևոր երգերի ժամանակ գլխավոր քահանայի հետ երգեն նրա երկու աշակերտները:
- Ես դեմ չեմ:
- Դա արժե 15 հազար:
- Պայմանավորվեցինք:
- Հյուրերի համար մինչև եկեղեցու մուտքը կարող ենք կարմիր գորգ փռել՝ 10 հազար: Եթե ուզում եք աթոռները տոնական տեսք ունենա...
- Ինչքա՞ն:
- 10: Իսկ աղավնիներ...մեծ մոմեր...թերթիկներ...

Հաշվեցինք՝ 80 հազար դրամ: Հետո երիտասարդ քահանան խնդրեց, որ ապահովագրության համար գումարի կեսը վճարեմ: Անդորրագիր կամ կտրոն չտվեց: 

Լուսանկարը՝ Tvsvadba.ru