Home / Հայաստան / Պուտինը Բաքվում. «Ռուսաստան-Ադրբեջան՝ ջերմ բարեկամության անմար կրակը»

Պուտինը Բաքվում. «Ռուսաստան-Ադրբեջան՝ ջերմ բարեկամության անմար կրակը»

«Руссия Федерасиясинин президенти джянаб Владимир Путинин»՝ գրված էր Ռուսաստանի հետ Ադրբեջան եկած լրագրողներին բաժանվող անվանաքարտերի վրա: Այս մասին «Պուտինը ռուսական ակցենտով այցելեց Բաքու» հոդվածում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Դմիտրի Սմիրնովը:

Բաքուն Պուտինի այցին պատրաստվում էր ոչ միայն անվտանգության միջոցների ուժեղացմամբ, այլ նաև համատեղ մշակութային ժառանգության ցուցադրությամբ: Այսպես, օրինակ, նախօրեին այստեղ բացվեց լուսանկարների՝ «Ռուսաստան-Ադրբեջան՝ ջերմ բարեկամության անմար կրակը» խորագիրը կրող ցուցահանդես: Կրակի անմար լինելն ընդգծում էին Դմիտրի Շոստակովիչի լուսանկարներն իր ուսանող Կարա Կարաևի հետ, ինչպես նաև Մուսլիմ Մագոմաևի ու Փոլադ Բյուլբյուլ-օղլուի նկարները ռուսաստանյան էստրադայի երգիչների հետ: Ճիշտ է, Ռուսաստանի նախագահը ցուցադրությունը դիտելու չգնաց:

Հավանաբար, որպես ամուր բարեկամության ապացույց, Բաքվի նավակայանում կանգնած էին ռուսական «Դագեստան» հրթիռային նավն ու Կասպյան նավատորմի «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը:

Վլադիմիր Պուտինի ու նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցություններն անցկացվել են Իլհամ Ալիևի հոր և նախագահի պաշտոնին իրեն նախորդած Հեյդար Ալիևի նկարի տակ: Մի հետաքրքիր մանրուք պարզվեց՝ երկրների ղեկավարների ժամացույցները տարբեր ժամեր էին ցույց տալիս: Ալիևի ժամացույցի սլաքներն արդեն երեկոյան ժամը վեցն էին ցույց տալիս՝ տեղական ժամանակը՝ իրականից հինգ րոպե առաջ ընկած: Պուտինի ժամացույցով հինգից հինգ էր պակաս՝ ճշգրիտ մոսկովյան ժամանակ: Չնայած այդ տարբերությանը, պարզվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ժամանակ չեն կորցնում ու ակտիվորեն բանակցում են:

«Չնայած համաշխարհային տնտեսությունում տիրող համընդհանուր բարդ իրավիճակին, մեր երկրների միջև առևտրաշրջանառության աճն անցած տարի կազմել է 47%: Սա մեզ համար ռեկորդ է»,- նշել է Պուտինը:

«Արդյունքներն ավելի լավն են, քան մենք սպասում էինք,- համաձայնել է Ալիևը: – Վստահ եմ, որ Ձեր այցը մեր երկրներն էլ ավելի կմտերմացնի»:

Պուտինի տվյալներով՝ Ադրբեջանի հետ այսօր համագործակցում են Ռուսաստանի 70 տարածաշրջաններ, իսկ ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի աշխատում է ռուսական քաղաքներում:

Մինչդեռ, Պուտինի կարծիքով, ամենակարևորը հումանիտար հարցերն են, այլ ոչ թե տնտեսությունը, քաղաքականությունը կամ անվտանգությունը:

«Ադրբեջանում ամենայն լրջությամբ են վերաբերվում ռուսերեն լեզվի զարգացմանն ու ռուսական կրթության պահպանմանը,- նկատել է Ռուսաստանի նախագահը: – Եվ դպրոցներն են ռուսերեն լեզվով աշխատում, և ռուսական բուհերի մասնաճյուղերը: Դա չափազանց կարևոր է, քանի որ ստեղծում է բազա բոլոր այլ ուղղություններով աշխատելու համար»:

Ասվածն արդեն իսկ ապացուցում էր այն փաստը, որ բանակցություններն անցկացվում էին ռուսերենով: Հանդիպման ավարտին նախագահները ստորագրեցին վեց փաստաթուղթ, որոնց թվում՝ համաձայնագիր «Ռոսնեֆտ»-ի ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջև, ԱԻՆ բնագավառում համագործակցության, երկու երկների սահմանին գտնվող Սամուր գետի վրա կամուրջի համատեղ կառուցման վերաբերյալ պայմանագրեր:

Նախագահները նաև քննարկել են ադրբեջանա-հայկական հակամարտությունը:

«Դուք գիտեք՝ մեր տարածքների հայկական օկուպացիան շարունակվում է, միջազգային կազմակերպությունների որոշումը չի իրականացվում»,- հայտարարել է Ալիևը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»,- գործընկերոջը հանգստացրել է Պուտինը:

Tekali Taxi