Home / Հայաստան / Զբոսաշրջիկները լքում են վրացական Ուռեկին ջրհեղեղի պատճառով

Զբոսաշրջիկները լքում են վրացական Ուռեկին ջրհեղեղի պատճառով

Կիրակի և լույս երկուշաբթի գիշերը՝ օգոստոսի 19-ին, հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Սև ծովի ափին գտնվող վրացական Ուռեկի հանգստավայրի ենթակառուցվածքին: Այս մասին հայտնում է Newsgeorgia.ru-ն՝ հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:

Անձրևի հետևանքով հեղեղվել են Ուռեկիի փողոցներն ու տների մեծ մասի առաջին հարկերը, վնասվել են ջրհորդանները: Ներկա պահին դեպքի վայրում են գտնվում փրկարար ծառայությունները, կատարվում են մաքրման աշխատանքներ:

Լույս երկուշաբթի գիշերը հանգստավայրի թաղամասերից մեկում սողանք է գրանցվել: Մասնագետների խոսքերով՝ սողանքի առաջացման վտանգ կա նաև ավանի մյուս թաղամասերում:

«Տեղի է  ունեցել սողանք, որի նմանը Ուռեկիում դեռ չէր եղել: Դրա հետևանքով Ուռեկիի բնակարանները վտանգի տակ են: Սողանքից բացի, հեղեղվել են տեղի փողոցներն ու տները, հյուրանոցները: Դեպքի վայրում են գտնվում փրկարար և հրշեջ ծառայությունները, ներգրավվել է նաև ոստիկանությունը: Մենք մեր հնարավորության սահմաններում օգնել ենք մարդկանց»,- հայտարարել է տեղական տարածքային մարմնի ղեկավար Բիձինա Իմնաիշվիլին:

Ինչպես հայտնում է Georgia Online-ը, նախօրեին հարյուրավոր հանգստացողներ լքել են հանգստավայրը: 

Tekali Taxi